Տնտեսություն

Կառավարությունը գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի դրույքաչափի բարձրացումը հետաձգել է մինչ 2020թ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի դրույքաչափի բարձրացումը հետաձգել է մինչ 2020թ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Ազգային ժողով ուղարկված Հարկային օրենսգրքի նախագծում պահպանել է գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման դրույթը,սակայն դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանել 2020թ հունվարի 1-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը բարձրացնելու մասով մի քանի հանդիպումներ են կազմակերպվել ոլորտի ներկայացուցիչների հետ: Մենք առաջարկել էինք որոշակի փոխզիջումային տարբերակ, որ քննարկենք և առաջարկվող պետական տուրքի դրույքաչափերին հասնենք որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Բայց այս առաջարկը չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից: Այդուհանդերձ, կառավարությունն իր նախաձեռնությամբ մեկ բարելավում կատարել Է»,-ասաց Պողոսյանը:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց ԱԺ-ի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020թ-ի հունվարի 1-ից միայն:

Փոխնախարարի խոսքով՝ նրանք ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել էին պահպանել օրենսգրքով նախատեսվող դրույքաչափերը, սակայն դրանց հասնել որոշակի ժամանակի ընթացքում, օրինակ 2 տարում: Սակայն առաջարկը մերժել էր:

Նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ: Այս դրույթներն առաջացրել էին ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում