Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ-ԱՄԷ հարաբերությունները, «Դուբայ էքսպո»-ում Հայաստանի մասնակցությունն ու «Մասդար Սիթի»-ն՝ ԱՄԷ դեսպանի հարցազրույցում

ՀՀ-ԱՄԷ հարաբերությունները, «Դուբայ էքսպո»-ում Հայաստանի մասնակցությունն ու 
«Մասդար Սիթի»-ն՝ ԱՄԷ դեսպանի հարցազրույցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, ով մեկ ու կես ամիս է Հայաստանում է, իրեն շատ լավ է զգում հայերի հյուրընկալությունից ու ջերմ ժպիտներից: «Արմենպրես»-ը նորանշանակ դեսպանի հետ զրուցել է երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակի, ապագայի տեսլականի, նոր համագործակցությունների մասին:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների ներկա մակարդակը:

-Արաբական Միացյալ Էմիրությունները շատ լավ հարաբերություններ ունի աշխարհի տարբեր երկրների հետ: ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ հարաբերություններն առանձնահատուկ են և վերջին տարիներին ականատես ենք լինում դրանց զարգացմանը։ 2015 թվականին Հայաստանում ԱՄԷ դեսպանատան բացումից հետո լավ աշխատանքներ են տարվել, կնքվել են մի շարք պայմանագրեր և կարծում եմ, որ միջկառավարական հանձնաժողովի առաջին նստաշրջանը տեղի կունենա մայիսին Հայաստանում, որն ապացույցն է երկու երկրների միջև մշտական համագործակցության: Այս նստաշրջանը հնարավորություն կընձեռի երկու երկրների գործարարների միջև շփումներին, ինչպես նաև հատուկ հանդիպումներ կարող են լինել կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը ԱՄԷ և նրա մասնակցությունը Աբու Դաբիի «Կայունության շաբաթին» այս տարվա հունվարին հաջողված էր, որը մեծ  թափ է հաղորդել տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը։ Հատկանշական էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱՄԷ և պաշտպանության ոլորտի միջազգային ցուցահանդեսին՝ «Այդեքս 2019»-ին նրա մասնակցությունը, ինչպես նաև հայկական Պատվո պահակախմբի տպավորիչ և առանձնահատուկ ելույթը, որը մի ուղերձ էր ամբողջ աշխարհին։

Ես 1.5 ամիս է այստեղ եմ և ամենուր նկատել եմ հյուրընկալություն ժողովրդի կողմից, ժպիտներ, որը եկել է ձեր պապերից, և ինձ շատ լավ եմ զգում:

-Վերջին տարիներին տնտեսական զարգացման ի՞նչ միտումներ են առկա:  Ինչի՞մասին են խոսում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշները:

- ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության բացվելուց հետո տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության մեջ նկատելի է ակտիվացում։ Դրա մասին են խոսում առևտրաշրջանառության ցուցանիշները, եթե նախքան դեսպանության բացվելը 2014թ․առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև ընդամենը 80 միլիոն դոլար էր, ապա 2017-ին հասել էր 250 միլիոնի, 2018-ին մոտ 180 միլիոնի։ Կարծում եմ, որ 2019 թվականին առևտրաշրջանառության ցուցանիշները կաճեն:

Անցած չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը կենտրոնացվել է տարբեր ոլորտներում նոր հեռանկարներ բացելու ուղղությամբ: Կարելի է նշել ներդրումների ոլորտը, տնտեսության ոլորտը, արհեստական բանականության, նորացված էներգետիկայի ոլորտները: Ես գիտեմ, որ Հայաստանը հայտնի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, բժշկության, որտեղ ևս կարելի է համագործակցություն  ծավալել: Կարծում եմ, որ միջկառավարական հանձնախմբի առաջիկա նիստից հետո ավելի են զարգանալու մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում:

-Նախորդ տարիներին ԱՄԷ-ից դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների աճ է նկատվել: Ըստ ձեզ՝ ինչ գործոններ են նպաստել դրան, և առաջիկայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Օդային ճանապարհով ուղիղ կապի ապահովումը երկու երկրների միջև հնարավորություն է տալիս զարգացնելու զբոսաշրջության ոլորտը: Տուրիստական կազմակերպությունների հետ իմ հանդիպումների ընթացքում հասկացա, որ մեծ հետաքրքրություն կա, և հայերը շատ են այցելում Էմիրություններ: 2018թ․պաշտոնական ցուցանիշների համաձայն մոտ 11,500 էմիրաթցի է այցելել Հայաստան։

-Ժամանակին քննարկվում էր Հայաստանում մի քանի ոլորտներում, հատկապես հյուրանոցաշինության աշխատանքներում ԱՄԷ-ի ակտիվ մասնակցության մասին: Ի՞նչ նախադրյալ եք տեսնում այս ուղղությամբ: Արդյո՞ք առաջիկայում ԱՄԷ-ից Հայաստան ներդրումային ծրագրերի ականատես կլինենք:

-Համագործակցության հնարավորություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում և այս ոլորտում: Հայաստանն ունի բավականին լավ հյուրանոցներ, և կարծում եմ, որ մեծ դեր ունեն այստեղ նաև տուրիստական կազմակերպությունները՝ երկիր զբոսաշրջիկներ ներգրավվելու համար:

-Պարոն դեսպան, 2020 թվականին ԱՄԷ-ում անցկացվելու է «Դուբայ էքսպո»-ն: Նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են: Այս խոշորագույն միջոցառումն ի՞նչ շեշտադրումներ է ունենալու,  ինչո՞վ է առանձնանալու: Հայաստանի մասնակցության ձևաչափն ինչպիսին է լինելու:

-«Դուբայ Էքսպո 2020»-ը միջազգային հսկայածավալ իրադարձություն է, որը կամրապնդի Դուբայի դիրքը՝ որպես համաշխարհային կենտրոն՝ ներգրավելով տնտեսական հնարավորությունները։

Մենք ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը այս կարևոր միջոցառմանը: Հայաստանն այն սկզբնական երկրներից է, որն իր համաձայնությունն է տվել մասնակցելու այս միջազգային ցուցահանդեսին, որը կտրամադրի շատ մեծ տարածք մաքուր էներգիայի ցուցադրման համար՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան, ինչպես նաև ներմուծելով արհեստական բանականությունն այս ոլորտում: Ավելի քան 200 մասնակից, այդ թվում` 190 երկիր, հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը, որտեղ միջազգային հանրությունը կհանդիպի Դուբայի հովանու ներքո` հանուն նորարարության եւ մարդկային առաջընթացի։ Մենք ակնկալում ենք ունենալ 25 միլիոն այցելու, որը շատ մեծ թիվ է: Այս վեց ամիսների ընթացքում շատ մեծ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: Հատուկ էքսպոյի համար կառուցվում են նաև մետրոյի նոր կայարաններ դեպի էքսպոյի հրապարակ, և «Ճանապարհ 2020» նախագծի ընդհանուր աշխատանքի 70-80 տոկոսը ավարտվել է արդեն։ Նախատեսված է, որ «Էքսպո 2020» կայարանն ունենալու է ինքնաթիռի թեւերի տեսք՝ այդպիսով խորհրդանշելով նորարարությունը և առաջընթացը: Երբեմն մարդիկ մտածում են, որ սա ուղղակի առևտրի համար է, բայց սա սերունդների համար է, որպեսզի ժամանակակից տեխնոլոգիան փոխանցվի: Էմիրությունները պատրաստ է ընդունել էքսպոյի այցելուներին և կարծում եմ, որ «Արմենպրես»-ը որպես առաջին լրատվամիջոց ներգրավված կլինի այս միջոցառմանը:

-Արաբական Միացյալ Էմիրությունները 2019 թվականը երկրում հռչակել է որպես հանդուրժողականության տարի: Այս նախաձեռնությունից ի՞նչ ակնկալիքներ կան և ո՞րն է դրա գլխավոր ուղերձը:

-Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել ԱՄԷ-ի կարգավիճակը որպես համաշխարհային կենտրոն՝ հանդուրժողականության համար մի շարք խոշոր նախաձեռնությունների եւ նախագծերի միջոցով, ներառյալ հետազոտական ներդրումները, հանդուրժողականության վերաբերյալ սոցիալական եւ մշակութային ուսումնասիրությունները, մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսությունը։ Նպատակ ունի ներկայացնել օրենսդրություն եւ քաղաքականություն՝ ուղղված մշակութային, կրոնական եւ սոցիալական հանդուրժողականության արժեքների ինստիտուցիոնալացմանը եւ վերջապես նպաստել հանդուրժողականության տարածմանը լրատվամիջոցների միջոցով։ Նախաձեռնության հիմնական ուղերձը հանդուրժողականության արժեքները տարածելն է ամբողջ աշխարհում:

-Հանդուրժողականության մայրաքաղաք ԱբուԴաբիում անցկացվել են Հատուկ Օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում են սահմանափակ կարողություններ ունեցող մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից: Որքանո՞վ այն կնպաստի տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց տրվող ուշադրության եւ աջակցության մակարդակի բարձրացմանը:

-Աբու Դաբին հյուրընկալեց Օլիմպիական հատուկ խաղերը 2019թ․մարտի 14-21-ը։ Այն հաշմանդամություն ունեցող անձանց ամենախոշոր իրադարձությունն էր ամբողջ աշխարհում։ Օլիմպիադայի մասնակիցների թիվը հասնում էր 7500-ի: Հատուկ օլիմպիական խաղերի անցկացումը եւ կազմակերպումը համընկնում է ԱՄԷ-ի 2021թ․տեսլականի հետ, որի նպատակն է զարգացնել համայնքը` ուշադրություն դարձնելով հաշմանդամություն և մտավոր խնդիրներ ունեցող անձանց վրա՝ նրանց հնարավորություն տալով ինտեգրվել հասարակությանը և ակտիվ դերակատարություն ունենալ՝ օգտվելով նրանց  հնարավորություններից և ներուժից։

Հռոմի պապի այցելությունն այդ կարևոր միջոցառմանն ուղերձ էր աշխարհին, որ պետք է հանդուրժողականություն լինի և որ քրիտոնեությունն ու իսլամը հանդուրժողականության կրոններ են: Էմիրություններում տարբեր մշակույթներ կրող 202 ազգություն կա: ԱՄԷ-ի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել 169 երկիր: Էմիրությունները համարվում է նաև առաջին երկրներից մեկը՝ արտաքին հումանիտար, բարեգործական օգնություն ցույց տվող երկրների շարքում:

-Եթե կարելի է անդրադառնանք «Մասդար Սիթի»-ին, ինչը հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք: Մասդարը քաղաքների զարգացման ուղենշային օրինակ է համարվում, ըստ ձեզ, այս մոդելը, որքանով կարող է իր տարածումը գտնել այլ երկրներում: Ի՞նչ կտա դա պետություններին:

- Մասդար քաղաքը աշխարհի առաջին քաղաքն է, որտեղ չկան ածխածին և թափոններ, և այն առաջին քաղաքն է, որն ամբողջությամբ աշխատում է արևային էներգիայով։ Շատ երկրների հետ համագործակցություն կա հենց արևային էներգիայի ոլորտում և նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ենք պատրաստ համագործակցել:

Մասդար քաղաքը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, Աբու Դաբիի օդանավակայանի մոտակայքում։ Սա առաջին նմանատիպ քաղաքն է ամբողջ աշխարհում:  Նախատեսվում է, որ քաղաքի կենտրոնը առանձնանալու է հսկայական շարժական հովանոցներով։ Եվ նշվում է, որ այս գաղափարը կյանքի կոչել ոգեշնչել է արևածաղիկը։

-Մասդարի տեխնոլոգիաների ու կրթության համալիրը կրթական նոր հեռանկարներ է բացում տարբեր երկրների, այդ թվում հայաստանցի ուսանողների համար: Ներկայում Հայաստանից ևս այդ ծրագրերում ներգրավված հայեր կան: Այստեղ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Արաբական Միացյալ Էմիրությունները և մասնավորապես Մասդար քաղաքը խրախուսում է Հայաստանի Հանրապետության ուսանողներին սովորելու Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտում, այն համարվում է բարձրագույն հաստատություն, որն ուղղված է այլընտրանքային էներգիայի, կայունության և շրջակա միջավայրի հետազոտություններին։ Էմիրություններում այսպիսի մի մրցույթ է անցկացվում՝ Զայիդի մրցանակը կայունության համար: Իմ ուղերձն է Հայաստանի ուսանողներին, որպեսզի ներկայացնեն լավ նախագծեր, նորարարական նախագծեր, որպեսզի արժանան այդ մրցանակին:  

-Պարոն դեսպան, արհեստական բանականությունը, կարծես, դառնում է ինդուստրիալ հեղափոխության ուղեղը: Աշխարհի բազմաթիվ երկրներ լուրջ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությունը զարգացնելու համար: ԱՄԷ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Եթե չեմ սխալվում, նշանակվել է պատմության մեջ առաջին նախարարը, ով կզբաղվի արհեստական բանականության զարգացման հարցերով:

-Այո, 2018թ․հոկտեմբերին պարոն Օմար բին Սուլթան Ալ Ուլաման նշանակվել է արհեստական բանականության նախարար և այդպիսով ԱՄԷ-ն դարձել է աշխարհում առաջին պետությունը, որտեղ կա հատուկ արհեստական բանականության նախարար։ ԱՄԷ-ն հույս ունի, որ առաջատար դերակատարություն կունենա արհեստական բանականության հետազոտություններում և կզարգացնի նորարարությունը։ Արհեստական բանականության նախարարն ապագայի նկատմամբ մեծ տեսլական ունի: Էմիրությունների հիմնադրումից 47 տարի հետո մենք մեծ ուշադրություն ենք դարձրել ճիշտ կրթության վրա և այդ ճիշտ ուսուցման շնորհիվ է, որ մենք ունենք արհեստական բանականության նախարար, ով կառուցելու է ապագան: Մարդու կյանքում ամենակարևոր տարրերից է արհեստական բանականությունը իր ստեղծարարության մեջ: Մոտ ապագայում կտեսնենք, որ ռոբոտն է վարելու ինքնաթիռ, հեռու չէ այն օրը, որ գյուղացու փոխարեն կաշխատի ռոբոտը: Մենք ունենք կրթված և պատրաստված կադրեր ՏՏ ոլորտի և իմ առաքելությունն է փորձել փոխանցել մեր փորձն այս երկրին: Հայաստանը հայտնի է բժշկագիտության ոլորտում և առաջիկայում այցելելու եմ նաև բուժհաստատություններ ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

-Օրերս «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրենին պարգևատրեցիք շնորհակալագրով: Համագործակցության ի՞նչ հեռանակարներ եք տեսնում մեդիա ոլորտում:

-«Արմենպրես»-ն ամբողջ աշխարհում հայտնի գործակալություն է, և դուք ձեր գործակալության միջոցով սիրո և համերաշխության ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին: Նկատել եմ, որ աշխարհի տարբեր երկրների կարևոր իրադարձությունների լուսաբանումն եք տալիս, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում գործակալության աշխատակիցներին:

Այդ շնորհակալագիրը շնորհվել է՝ գնահատելով պարոն Անանյանի ջանքերը վերջին տարիներին դեսպանության հետ համագործակցելու համար։ Գործակալությունն ավելիին է արժանի: Նախորդ դեսպանը կառուցել է ուժեղ կապեր համագործակցության համար, և ես այստեղ եմ շարունակելու իմ գործընկերոջ կատարած աշխատանքը:

Զանգվածային լրատվամիջոցները կարևոր աղբյուր են հասարակության իրազեկման և մտածելակերպի ձևավորման համար, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում հասարակական կարծիք ձևավորելու վրա։ Քաղաքական և հասարակական կարծիք ձևավորելու հետ մեկտեղ, լրատվությունը կարևոր դեր է կատարում պետությունների և մարդկային հասարակությունների զարգացման գործում։

Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի

Լուսանկարները Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]