Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուանդայում ապրիլի 7-ին մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը և Ռուանդան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: «Այս այցը կարևոր է նաև թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներն ուսումնասիրելու առումով»,-ասաց նա:
Նաղդալյանը նշեց, որ մարտի 21-22-ը Հայաստան կայցելի Շվեդիայի թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիկսոնի գլխավորած պատվիրակությունը: «Տեղի են ունենալու հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մարտի 26-ից 28-ը Հայաստան է այցելելու ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն: Հանդիպումներ են նախատեսված Հայաստանի ղեկավարության հետ, ինչպես նաև Ազգային ժողովում»,-հավելեց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում