Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը

Armenpress 17:18, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուանդայում ապրիլի 7-ին  մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Ռուանդան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: «Այս այցը կարևոր է նաև թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներն ուսումնասիրելու առումով»,-ասաց նա:

Նաղդալյանը նշեց, որ մարտի 21-22-ը Հայաստան կայցելի Շվեդիայի թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիկսոնի գլխավորած պատվիրակությունը: «Տեղի են ունենալու հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մարտի 26-ից 28-ը Հայաստան է այցելելու ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն: Հանդիպումներ են նախատեսված Հայաստանի ղեկավարության հետ, ինչպես նաև Ազգային ժողովում»,-հավելեց նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am