Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Շողակաթ համայնքի արեւային ֆոտովոլտային կայաններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Շողակաթ համայնքի արեւային ֆոտովոլտային 
կայաններ

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ համայնքի համանուն գյուղում ծանոթացավ արեւային ֆոտովոլտային նորակառույց էլեկտրակայանների գործունեությանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես տեղում ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ 2019 թվականի մարտի դրությամբ Շողակաթում գործում է արեւային ֆոտովոլտային 2 կայան՝ 3 մեգավատ ընդհանուր հզորությամբ:

«Դրանք արդեն 4 ամիս է, ինչ միացված են ընդհանուր ցանցին: Այդ կայանների գործունեության համար մեր կողմից հատկացվել է 6 հեկտար անօգտագործելի հողատարածք, իսկ կայանների շինարարության համար ներդրվել է 1,8 միլիարդ դրամ: Շինարարության ընթացքում Շողակաթում բացվել է 125 ժամանակավոր, իսկ արդեն գործող կայաններում՝ 11 հիմնական աշխատատեղ: Կայաններից մեկում տեղադրվել են 6200, մյուսում՝ 3200 արեւային հայելիներ: Արեւային ֆոտովոլտային կայանների ցանցը մեր համայնքում կտրուկ կընդլայնվի՝ 3 մեգավատից հասնելով 13 մեգավատի: Ներդրումները կկազմեն 5-5,5 միլիարդ դրամ:

Կկառուցվի եւս 3 կայան՝ 1-ը՝ 2, մյուս երկուսը՝ 4-ական մեգավատ հզորությամբ: Այս դեպքում մենք կունենանք 220 ժամանակավոր, մինչեւ 25 մշտական աշխատատեղ: Ներդրող կազմակերպություններն արդեն ձեռք են բերել հողատարածքները, շինթույլտվության ու այլ գործողությունների համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: Եղանակները տաքանալուն պես բոլոր 3 կայաններում կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,- ընդգծեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը: Ողջունելով այլընտրանքային էներգիայի արտադրության ուղղությամբ Շողակաթում իրականացված ծրագրերը՝ մարզպետը միաժամանակ հավաստեց, որ նման ծրագրեր մարզի ղեկավարությունն այս պահին քննարկում է տարբեր ներդրողների հետ, եւ հեռու չեն այն ժամանակները, երբ մարզի շատ համայնքներում կգործեն արեւային ֆոտովոլտային խոշոր կամ փոքր բազմաթիվ կայաններ: «Մեր մարզում արեւոտ օրերի քանակությունը համեմատաբար շատ է, ինչը կարող է անչափ գրավիչ լինել ներդրողների համար: Շողակաթի կայանների գործունեությունը կարող է խթանել ու արագացնել ներդրումների ընթացքն այս ուղղությամբ»,-նշեց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am