Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խոջալուն որպես Ադրբեջանի հակահայկական քարոզչության գործիք. Կեղծված փաստեր և ճշմարտության կոծկում

Խոջալուն որպես Ադրբեջանի հակահայկական քարոզչության գործիք. Կեղծված փաստեր 
և ճշմարտության կոծկում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 1991 թվականի աշնանից մինչև 1992 թ. գարուն Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Ստեփանակերտի ավելի քան 60 հազար բնակչությունը, այդ թվում հազարավոր փախստականներ Շահումյանից, Գետաշենից, Բաքվից և Սումգայիթից, ստիպված էր ապրել առանց կենսական նվազագույն պահանջների բավարարման համար անհրաժեշտ պարենամթերքի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի: Չկար Հայաստանի հետ կապող ցամաքային ճանապարհ: Հաղորդակցության միակ համեմատաբար անվտանգ մեթոդը, ինչպես նշվում է Human Rights Watch-ի 1992 թ. զեկույցում, ուղղաթիռների միջոցով օդային կապն էր Հայաստանի հետ, սակայն տարածքի միակ օդանավակայանը, որը տեղակայված էր Ստեփանակերտից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող Խոջալուի մոտակայքում, վերահսկվում էր Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ-ՄՀՆՋ) կողմից: Նշվածը հաստատվում է նաև 1991 թ․ Խոջալուի օդանավակայանում ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին օդանավակայանի պարետ Ալիֆ Հաջիևի տված հարցազրույցից։ Վերջինս մասնավորապես նշում է, որ օդանավակայանը վերահսկվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից, այնտեղ իրենց «տղաներն են», «սպառազինումը լավն է», տեսանյութում երևում են ՕՄՕՆ-ի զինծառայողներ և ոստիկանական համազգեստով անձինք:

Շրջափակման ենթարկված Ստեփանակերտն ադրբեջանական բանակի մի շարք կրակակետերից, այդ թվում՝ Կրկժան, Մալիբեյլի, Շուշի, Ջանհասան և Խոջալու, անընդհատ հրետակոծման էր ենթարկվում: Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը հրետակոծվում էր նախ «Ալազան» և «Կրիստալ» հակակարկտային հրթիռներով, ապա 1992 թ․ փետրվարից սկսած նաև ԲՄ21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Ինչպես նշված է «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնի զեկույցում, «Գրադ»-ն օգտագործվում էր քաղաքի բնակելի թաղամասերի հրետակոծման համար, ինչի արդյունքում Ստեփանակերտը ենթարկվել է հսկայական ավերածությունների, «բնակչությունը փաստացի բնակվում է տների նկուղներում»։

Ռուս լրագրող Անժելիկա Չեչինան, որը 1992 թ. հունվարին եղել է Ստեփանակերտում՝ այնտեղ տիրող իրավիճակը համեմատել է Լենինգրադի բլոկադայի հետ:

Այսպիսով, 1992 թ. սկզբի դրությամբ Ստեփանակերտում ստեղծվել էր մի իրավիճակ, որը սպառնում էր վերաճել խոշոր հումանիտար աղետի տեղի հայկական բնակչության համար՝ սպառնալով յուրաքանչյուր բնակչի կյանքին: Ջրի, դեղորայքի և տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը սպառնում էր նաև համաճարակների տարածմամբ: Նշված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Ստեփանակերտի ապաշրջափակումն էր, ինչը նշանակում էր առաջին հերթին ադրբեջանական կրակակետերի լռեցում և հաղորդակցության կենսական ուղիների նկատմամբ վերահսկողության սահմանում։

Խոջալուի ազատագրումը որպես Ստեփանակերտը հումանիտար աղետից փրկելու կենսական գործոն

Ինչպես արդեն նշեցինք, Ստեփանակերտը հումանիտար աղետից փրկելու և խաղաղ բնակչությանը անվտանգությունն ապահովելու նպատակով կարևոր էր ադրբեջանական հիմնական ռազմական հենակետերի չեզոքացումը։ Նշվածներից Կրկժանն ազատագրվել էր 1991 թ․ դեկտեմբերին, Մալիբեյլին և Ղուշչուլարը հաջողվել էր ազատագրել 1992 թ․ հունվար-փետրվար ամիսներին։ Փետրվարի 11-ի դրությամբ արդեն Ստեփանակերտի խաղաղ բնակչության համար հիմնական սպառնալիքը ներկայացնում էին հիմնականում Շուշին, Ջանհասանը, Խոջալուն։ Արդեն 1992 թ․ փետրվարի երկրորդ կեսից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը անցան ադրբեջանական հաջորդ ռազմական հենակետի՝ Խոջալուի ազատագրմանը։

Ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Մուստաֆաևին տված հարցազրույցում Խոջալուի այն ժամանակվա քաղաքապետ Էլման Մամեդովը նույնպես խոստովանել է, որ Խոջալուի միջոցով իրենք Խրամորտ-Ասկերան-Նախիջևանիկ գծով կտրել էին «60-70 հազար բնակչությամբ» Ստեփանակերտ տանող ուղիները, այդ թվում՝ օդանավակայանը, ավտոմայրուղիները: Մամեդովը խոսում է նաև երկաթուղու մասին, սակայն անհասկանալի է, թե նա ինչ ի նկատի ունի՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկաթուղային գիծն անցել է Արցախի ամենահարավային հատվածով՝ Խոջալուից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա։ Այսպիսով, Խոջալուն իր ռազմավարական կարևոր դիրքի շնորհիվ թույլ էր տալիս Ստեփանակերտը կտրել Արցախի հյուսիսային հատվածից, ինչպես նաև Ստեփանակերտին զրկել արտաքին աշխարհի հետ հաղորդակցության վերջին հնարավոր ուղուց՝ օդային կապից:

Հարձակման անցնելուց առաջ հայկական կողմը Խոջալուի բնակիչներին, ղեկավարությանը և առհասարակ ադրբեջանական կողմին զգուշացրել է և առաջարկել տարհանել խաղաղ բնակչությանը՝ նշվածի համար տրամադրելով հումանիտար միջանցք Խոջալու-Ասկերան-Աղդամ երթուղով։ Ադրբեջանական կողմից ևս քանիցս խոստովանել են, որ իրենք տեղեկացված եղել են հարձակման մասին։ Ըստ Human Rights Watch-ի (Helsinki Watch) զեկույցի՝ Խոջալուի բնակիչներից մեկը հետագայում հայտարարել է, որ փետրվարի 15-ին` Ալիֆ Հաջիևը՝ Խոջալուի ՕՄՕՆ-ի ջոկատների հրամանատարը, իրենց տեղեկացրել է, որ «հայերը վերջնագիր են ներկայացրել ․․․ որ ավելի լավ կլինի Խոջալուի բնակիչների համար քաղաքը թողնել սպիտակ դրոշով»։ Խոջալուի նախկին քաղաքապետ Է․ Մամեդովը ևս հայտարարել է, որ իրենք տեղեկացրել են նախատեսվող հարձակման մասին, սակայն բնակչության տարհանում չի կազմակերպվել: Ավելին, ինչպես նշել է իր «Ղարաբաղյան օրագրում» ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը՝ Խոջալուից «ընտանի կենդանիներին դուրս են բերել, իսկ մարդկանց՝ ոչ»:

Խոջալուի դեպքերի հետաքննության ադրբեջանական հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆատալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները ևս իրազեկված են եղել հարձակման մասին։ Չնայած սրան, փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահի, վարչապետի մասնակցությամբ անցկացված ժողովում, ըստ Ֆատալիևի, «որոշում է կայացվել մարդկանց չտարհանել Խոջալուից»։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները, իրազեկված լինելով նախատեսվող հարձակման մասին, հրաժարվել են տարհանել խաղաղ բնակչությանը, ինչպես նաև չեն իրականացրել իրենց տեսանկյունից այլ անհրաժեշտ քայլեր՝ բնակչությանը ռազմական գործողությունների թատերաբեմից զերծ պահելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար՝ վերջիններիս օգտագործելով որպես կենդանի վահան։

Աղդամի միջադեպը և ադրբեջանական կողմի քարոզչական մանիպուլյացիաները

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը Խոջալուի հարձակումը սկսել են փետրվարի 25-ին՝ ժամը 23։30-ի միջակայքում։ Ադրբեջանական կողմը երկար չի կարողացել դիմադրել, հարձակումից մի քանի ժամ անց՝ լույս 26-ի գիշերը, օդանավակայանը և բնակավայրն արդեն զբաղեցվել են հայկական ուժերի կողմից։ Ինչ վերաբերում է Խոջալուի բնակչությանը, ապա, ըստ Է․ Մամեդովի, հայկական ուժերի հարձակումից առաջ այնտեղ կար առավելագույնը 3 հազար անձ։ Եթե անգամ նշված պնդումն ընդունենք որպես հիմք, չնայած այն փաստող ապացույցներ չեն ներկայացվել, նրանց մի մասը, այդ թվում նաև Է․ Մամեդովը, կարողացել են հայկական կողմի տրամադրած միջանցքով հասնել Աղդամ, որը վերահսկում էին ադրբեջանական ուժերը՝ մի հատվածը բանակը, մյուս հատվածը՝ «Ժողովրդական ճակատ»-ի ընդդիմադիր ստորաբաժանումները։ Միջանցքի առկայության մասին նշել է նաև Է. Ֆաթուլլաևը, ով ևս փաստել է, որ Խոջալուի բնակիչները չէին կարող ճեղքել պաշարման օղակը և դուրս գալ շրջափակումից: Ֆաթուլաևը նաև նշում է, որ ընդդիմադիր «Ժողճակատ»-ի գումարտակները, կարծես, ձգտում էին, ոչ թե Խոջալուի բնակիչների ազատագրմանը, այլ «Ա. Մութալիբովին պաշտոնանկ անելու ճանապարհին մեծ արյունահեղության»: Ֆաթուլլաևը եղել է նաև Արցախում, տեղում ուսումնասիրել միջադեպի վայրը, ինչի հիման վրա ևս իր անկախ հետաքննություն է  փորձել վարել: Փաստացի այս դեպքում ևս Ադրբեջանը խոչընդոտել է նշված հետաքննությանը, 2007 թ. Ֆաթուլլաևը մի շարք անհիմն մեղադրանքներով ազատազրկվել է, իսկ այնուհետև համաներմամբ ազատ արձակվելուց հետո սպասարկում է Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կարիքները: Է. Ֆաթուլլաևայի գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշման մեջ ևս նշվում է, որ «բացակայում է հստակությունը» անվտանգ միջանցքի, Ադրբեջանի իշխանությունների և պատասխանատվության, ինչպես նաև Խոջալուի պաշտպանության հարցում Ադրբեջանում ներքաղաքական պայքարի ազդեցության մասին [Голос Армении, 03.04.2016]:

700 բնակիչ, այդ թվում 300-ը թուրք-մեսխեթցի, որոնք մնացել են Խոջալուում, կամ մոլորվել սարերում, հայկական ուժերի կողմից բերվել են Ստեփանակերտ, իսկ այնուհետև հանձնվել ադրբեջանական կողմին։ Խոջալուում, ըստ ռուս լրագրող Վիկտորիա Իվլևայի, ադրբեջանական կողմից «եղել է 7 դիակ, այդ թվում՝ «քաղաքի պաշտպաններից»։ Հենց Խոջալուում ադրբեջանական կողմից զոհերի մասին այլ տվյալներ չկան։ Զոհեր չեն գրանցվել նաև գերեվարված անձանց շրջանում:

Բնակիչների մի մասը, սակայն, շեղվել է միջանցքից և հայտնվել սարերում, որոշ մասը՝ գնացել Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ, ըստ որում՝ համաձայն առկա տեղեկությունների՝ ադրբեջանական կողմից ռադիոկապով ստացած շեղող տեղեկության պատճառով: Հիմնական միջադեպը կապված է հենց նշված անձանց խմբերի հետ։ Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Ա․ Մութալիբովը զանգահարել է ԼՂՀ գերագույն խորհրդի նախագահ Ա․ Մկրտչյանին և հայտնել, որ գործողության արդյունքում «սպանվել է 800-1000 մարդ» [Խոջալուի բնակիչ]։ Նշված թիվը որևէ փաստով չի ապացուցվում։ Մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Սակայն այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց պատասխանները մինչ օրս հստակ չեն տրվել։ Ադրբեջանական կողմը նշում է, որ այդ անձանց սպանել են հայկական ուժերը։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ նրանք հայտնաբերվել են ադրբեջանական ուժերի վերահսկած դիրքերի դիմաց, իսկ հայկական կողմի ամենամոտ դիրքերը եղել են Նախիջևանիկ գյուղի մոտ՝ միջադեպի վայրից ավելի հեռու։  Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դառնում Չ․ Մուստաֆաևի երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջում են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժում են դիակները։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե դիակները պղծել են հայ զինծառայողները, սակայն բացի կեղծ տվյալներից՝ նշվածի որևէ ապացույց չի ներկայացնում։ Այսպիսով` առկա փաստերն առայժմ միայն սա են ցույց տալիս.

 

  • Փետրվարի 28-ին միջադեպի վայրում եղել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք ազատ շրջել են այդ տարածքում:
  • մարտի 2-ին ևս այդ տարածքում ազատ շրջել են ադրբեջանական զինծառայողներ, լրագրողներ։

Փոխարենը որևէ ապացույց չկա, որ նշված միջակայքում այդ տարածքում եղել են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի զինծառայողներ։

Ադրբեջանական կողմից Խոջալուի և Աղդամի միջադեպերի հետ կապված կեղծ քարոզչական թեզերի շրջանառումը, այդ թվում, ի հավելումն նշվածի, զոհվածների քանակի վերաբերյալ միմյանցից զգալիորեն տարբերվող տվյալների ներկայացումը, կեղծ լուսանկարների տարածումը [Այս մասին մանրամասն` Xocali.net կայքում] ցույց են տալիս, որ նշված միջադեպը իբրև «հայկական կողմից ցեղասպանության իրականացում» ներկայացնելը որևէ քննության չի դիմանում։ Օբյեկտիվ դիրքերից առկա փաստերը վերլուծելու դեպքում ևս ներքոնշյալ հարցերը վկայում են ադրբեջանական թեզերի կեղծ լինելը.

  • Հայկական կողմը Խոջալու քաղաքում բնակչության կազմակերպված սպանդ չի իրականացրել, ավելին՝ Խոջալուի ավելի քան 700 բնակիչ վերադարձվել է ադրբեջանական կողմին: Սա փաստված է, հակառակը փաստող ապացույցներ չկան:
  • Խոջալուի բնակիչների զգալի մասը կարողացել է հեռանալ բնակավայրից և հասնել Աղդամ, չնայած նրան, որ հայկական կողմը մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում և ճանապարհին կարող էր խոչընդոտել ադրբեջանական խմբերի անցմանը։ Սա ևս վկայում է, որ հումանիտար միջանցք հայկական կողմից թողնվել է։
  • Չի ներկայացվում պարզաբանում, թե ինչ դեր են ունեցել նշված ռազմական գործողություններում Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին և ընդդիմությանը ենթակա ստորաբաժանումները, արդյոք եղել է ներքին բախում, որը կարող էր այս կամ այն պատճառով ազդել դեպքերի զարգացման և հետագա քննության վրա:

Այսպիսով` կարող ենք փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է նշված իրադարձություններն օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու, իր հասարակության ներսում և առհասարակ աշխարհում հայատյացության պետական քաղաքականություն վարելու նպատակով՝ այդպիսով վիրավորելով իր իսկ զոհված քաղաքացիների հիշատակը, վերջիններիս հարազատների զգացմունքները և կեղծ տեղեկատվություն տրամադրելով միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը շահագրգռված կլիներ անցկացնել անկախ հետաքննություն և պատասխանել բոլոր վերոնշյալ և այլ վիճահարույց հարցերի։

Տարոն Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]