Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանությունն Ալիևի առաջին մեսիջն էր աշխարհին. հայ սպայի մահվան տարելիցն է


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ կատարված հանցագործությունն Ադրբեջանում իշխանության եկած Իլհամ Ալիևի առաջին մեսիջն էր աշխարհին, թե նա ինչ քաղաքականություն է պատրասվում իրականացնել և ինչ մտադրություններ ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

«Այդ հանցագործությունը վկայում էր այն մասին, որ Իլհամ Ալիևի մտադրությունն էր հայատյացությունը դարձնել Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Բոլոր այն գործողությունները, որոնք տեղի ունեցան նշված հանցագործությունից անմիջապես հետո՝ կապված Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի դատավարության, նրան արտահանձնելու հետ, ինչպես նաև մինչ օրս իրականացվող քայլերը ցույց են տալիս, որ Ալիևը հետևողականորեն հենց այդ քաղաքականությունն է իրականացնում»,-ասաց Մարինա Գրիգորյանը:  

Նա ընդգծեց, որ այդ հանցագործությունը կազմակերպվել է պետական մակարդակով և եղել է Իլհամ Ալիևի պետական պատվերը Ռամիլ Սաֆարովին: Դա հաստատվել է հենց առաջին օրերին, երբ Սաֆարովը տվել է իր առաջին ցուցմունքը:

«Ամեն ինչ նա անկեղծ ասաց, իսկ նրա ասածը հաստատել է մյուս ադրբեջանցի մասնակիցը Անար Ալիևը: Դեպքից հետո Սաֆարովն ասել է իր գործընկերոջը, կգնաս Բաքու և կասես՝ կատարեցի այն, ինչ պետք է կատարեի:  Սա պաշտոնական փաստաթղթում կա, առկա է դատական գործի նյութերում»,-ասաց նա:

Մարինա Գրիգորյանը նշեց, որ արդեն երկու տարի անց, երբ կայացվում էր դատավճիռը, դահլիճում հիշարժան հայտարարություն եղավ: Հունգարացի դատապաշտպանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանում հայի սպանությունը չի համարվում հանցագործություն:

«Դա Ադրբեջանի ամբողջ քաղաքականության դրսևորումն է: Այն փաստը, որ Սաֆարովին հերոսացրին, նա համարվեց ազգային հերոս, ևս մեկ ապացույցն է հունգարացի փաստաբանի հնչեցրած թեզի: Ուզում եմ հիշեցնել նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի հայտարարությունը, որը հնչեց 2004 թվականի ամռանը: Նա հայտարարեց, որ Ռամիլ Սաֆարովը պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի երիտասարդների համար: Այսինքն՝ ՄԻՊ-ը կոչ է անում հետևել Սաֆարովի օրինակին»,-ասաց Մարինա Գրիգորյանը

Նա նշեց, որ հետագայում այդ դրսևորումները երևացին ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հայկական բանակի զինվորի գլուխը կտրող զինծառայողը պարգևատրում ստացավ ամենաբարձր մակարդակով՝ Իլհամ Ալիևի ձեռքից: Մարինա Գրիգորյանն ընդգծեց, որ հայերին սպանողներին հերոսացնելու քաղաքականությունն առկա էր դեռ Սումգայիթի ջարդերից հետո:

«Այսօր վկա ենք նրան, թե ինչպես է Ալիևը փորձում ամեն կերպ ազատել երկու դիվերսանտներին, որոնք դատապարտված են և գտնվում են Արցախում: Նրանք մարդասպաններ են, և Ալիևի համար կարևոր է վերադարձնել նրանց և նույնպես հերոսացնել: Ահա այս պայմաններում էլ մեզ առաջարկում են խոսել, մտածել խաղաղության մասին, պատրաստվել դրան»,-ասաց Մարինա Գրիգորյանը:

Ադրբեջան պետությունը պատասխանատու է Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ այդ տարիներին պետական մակարդակով միջամտությունը, Հունգարիայում դեսպանություն բացելը, փորձաքննությունների վրա ազդելը, արտահանձնումից հետո Սաֆարովին ազատ արձակել պլանավորված գործողություն էր:

«Ակնհայտ է, որ այստեղ պետական պատվեր կա: Երբ ուսումնասիրում ես Սաֆարովի գործունեությունը, ապա տեսնում ես, որ նա հեռանկարային սպա է եղել: Բաքվում ավարտել է ուսումնարան, կրթությունը շարունակել է Թուրքիայում, Հյուսիսային Կիպրոսում զորավարժանքների է մասնակցել, գործուղվել էր Հունգարիա անգլերեն սովորելու: Չեմ կարծում, որ նա չէր գիտակցում, որ նման արարքից հետո պատիժ չի կրի: Եթե ինքը համոզված չլիներ, որ իր մեջքին պետությունը կանգնած է, ապա նման բանի չէր գնա» ,-հավելեց փաստաբանը:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ