Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Կառավարության քաղաքականությունը ուղղված է լինելու մշակույթը և մարդկանց միմյանց հետ կապելուն. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության համար կարևոր և սկզբունքային հարց է մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միավորելն ու մեկ կառույց դարձնելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով կառավարության ծրագիրը: «Սա մեզ համար ծրագրային թեզ է, որովհետև մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրացվեն և ունենան ինստիտուցիոնալ զարգացումներ: Եվ այդ զարգացումների մեջ մենք շատ կարևոր ենք համարում մշակույթի, կրթության և իրականության կապը: Մշակույթը մեզ համար առաջին հերթին կրթական գործոն է, և մեր կառավարության ծրագիրը և քաղաքականությունը ուղղված է լինելու մշակույթը և մարդկանց միմյանց հետ կապելուն, մշակույթի կիրառման, արծարծման միջոցով Հայաստանում միջանձնային, տնտեսական, քաղաքական հարաբերությունները փոխելուն, հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝  մշակույթը, մշակութային քաղաքականությունը իրենց համար ՀՀ կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը բարձրացնելն է: «Եվ այս խնդիրը մեզ համար անհնար ենք համարում լուծել առանց մշակույթի ամենօրյա կիրառման, որովհետև մշակույթը մեզ համար առաջին հերթին մի միջոց է, որը պետք է նպաստի Հայաստանի  յուրաքանչյուր քաղաքացու և ընդհանրապես հայ հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացմանը, որն էական նշանակություն ունի Հայաստանում տնտեսական փոփոխություններ իրականացնելու առումով»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարության կառուցվածքի նոր նախագծով նախատեսվում է միավորել կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները: ՀՀ նոր կառավարությունում կլինի 12 նախարարություն՝ նախկին 17-ի փոխարեն:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ