Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Բացառիկ նշանակություն ունեցող քայլ. Արաբագետի անդրադարձը Սիրիայում հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելությանը


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, այդ քայլի կարևորությունը հասկանալու համար  պետք է ընդգծել մի քանի կարևոր հանգամանք:

«Նախ պետք է դիտարկել Սիրիա-Հայաստան կամ հայ և սիրիացի ժողովուրդների պատմական բարեկամական հարաբերությունները: Հաջորդ կարևոր հանգամանքը Հայաստան-սիրիահայ համայնք կապն է, երրորդը՝ Հայաստանի միջազգային հեղինակությունն է, ինչը չափազանց կարևոր է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը նշեց, որ այս քայլը սիրիական հակամարտության հարցում Հայաստանի՝ բավական հավասարակշռված դիրքորոշումը նոր որակական փուլով շարունակող գործողություն է: Նա հիշեցրեց, որ դեռ 2011 թվականին, երբ սկիզբ առավ հակամարտությունը, Հայաստանի  հասարակության ուշադրությունը սևեռվեց Սիրիայի վրա, որովհետև այն բավական կարևոր երկիր է ՀՀ-ի համար:

«Սիրիան մեզ համար որպես կարևոր գործընկեր է արաբական աշխարհում, դա պետք է դիտարկել նաև հայ և սիրիական ժողովուրդների բարեկամության տեսանկյունից: Երբեք չպետք է մոռանալ այն, որ ժամանակին սիրիացի ժողովուրդն իր ձեռքն է մեկնել ողբերգական իրադարձություններ ապրած մեր ժողովրդին: Մեզ համար կարևոր է այն, որ Սիրիայում գտնվել է ու շարունակելու է գտնվել պատկառելի թվով հայ համայնք»,-ասաց նա:

2011-2018 թվականների ընթացքում Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումը դրական չեզոքության մոտեցումն է՝ հիմնականում պահպանելով շփումը Սիրիայի կառավարության հետ: Միջազգային իմիջի առումով բավական հետաքրքիր իրողություն է: Ըստ արաբագետի՝ Հայաստանի քայլը ժամանակի ընթացում միջազգային հանրության արժանի գնահատականին կարժանանա:

«Այսօր այնպիսի ժամանակներ են, երբ մարդկությունը բախվում է բավական լուրջ հումանիտար աղետների, երկրները կանգնած են ռեսուրսների բացակայության առջև: Հայաստանը, լինելով համեմատաբար սահմանափակ հնարավորությունների տեր երկիր, այսպիսի կարևոր գործառույթ է իրականացնում: Սա շատ կարևոր հանգամանք է: Հայ մասնագետների ներկայությունը, հատկապես Հալեպում, համակողմանի նշանակության մարդասիրական քայլ է, ինչը դրական ազդեցություն է ունենալու»,-ասաց արաբագետը:

Խոսելով հնարավոր խնդիրների մասին՝ արաբագետը նշեց, որ ռիսկային իրավիճակը կապված է խմբի անվտանգության հետ: Դեռևս կա ահաբեկչական որոշակի վտանգ, խնդիրը դեռ չի հանգուցալուծվել:  

«Բայց պետք է նշել, որ այս նախաձեռնության մասին հայտարարվեց կես տարի առաջ: Կես տարի ձգձգումը, կարելի  է ենթադրել, որ պայմանավորված էր հայկական կողմից անվտանգության երաշխիքների ձեռքբերման հետ: Այն շրջանը որտեղ գործելու են մեր մասնագետները էականորեն անվտանգ է»,-ասաց նա:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:

«Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,-նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ