Պաշտոնական

«Դասո սիսթեմս»-ի ներկայացուցիչները ապրիլին կայցելեն Հայաստան. ՀՀ նախագահը հանդիպել է ընկերության փոխնախագահի հետ

2 րոպեի ընթերցում

«Դասո սիսթեմս»-ի ներկայացուցիչները ապրիլին կայցելեն Հայաստան. ՀՀ նախագահը հանդիպել է ընկերության փոխնախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,զրուցակիցները, մասնավորապես, ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների, լավ գործընկեր կարող է լինել։ Համաձայնություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստան այցելության մասին՝ որոշակիացնելու համար գործակցության կոնկրետ ծրագրերը։

«Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտի, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանության, էներգետիկայի ոլորտների համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Նախագահը կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում