Վերին Արտաշատ համայնքի ղեկավարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռք են բերվել տվյալներ, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային համալիրը գործունեությունը ծավալում է առանց համապատասխան թույլտվության։
Պարզվել է նաև, որ սեփականատերը հաստատության գործունեությունն օրինականացնելու նպատակով նախորդ տարվա հուլիսին Վերին Արտաշատ համայնքի ղեկավարին դիմում է ներկայացրել։ Համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով դիմումատուի ֆինանսական դժվարությունների մասին, ընդառաջել է նրա խնդրանքին և համապատասխան գործողություններ չի ձեռնարկել ռեստորանային համալիրի ապօրինի գործունեությունը կասեցնելու կամ օրինականացնելու ուղղությամբ։
Պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե:
Կատարվում է նախաքննություն: