Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանը Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ,անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ թողեց. Գևորգյանը չի կալանավորվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանը:
«Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը»,- ասաց Գևորգյանը:
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:
Դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։