Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

«Բաց թող ինձ». Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել  նոր երգի հոլովակը


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել  «Բաց թող ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:

Վահագ Ռաշը փաստում է՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կատարվել են ինքնատիպ մոնտաժային աշխատանքներ, և հանրությանն է ներկայացվել արդյունքը:

«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Հոլովակում արծարծվում է ազատության գաղափարը, ասել է, թե՝ յուրաքանչյուրն ազատության կարիք ունի: Մարդ էակն անգամ ինքն իրեն կապանքներից ազատելու ցանկություն է ունենում: Եվ այդ ազատության յուրատեսակ գաղափարը պատկերված է ինտերակտիվ արկղի միջոցով: 

Վահագ Ռաշի խոսքով՝ իրեն շատ դուր է եկել մտահղացումը, որը, վստահաբար, կհետաքրքրի նաև իր երկրպագուներին:

Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի արդեն իսկ սիրված «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի հոլովակը:

Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան) ծնվել է 1982 թվականին Արթիկում: 12 տարեկանից հաճախել է տեղի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: Երաժշտական կարիերան սկսել է «Աշնան քամի» երգով,  որը նաև ունեցավ տեսահոլովակ: Երգեր ունի, որոնք գրվել են Կապուտիկյանի, Չարենցի, Մեծարենցի, Շիրազի, Սահյանի, Տերյանի, Սևակի և այլ մեծանուն հեղինակների բառերի հիման վրա: 2011-ին Եվա Սուջյանի հետ համատեղ ներկայացրել է «Ադանա» ժողովրդական երգի ռոքային մշակումը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին: Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ համատեղ ներկայացրել են երկու՝ «Համբույրի մը մեջ» և «Պար պսակի» ստեղծագործությունները: Վահագ Ռաշը մշակել և յուրովի է մատուցել սովետական տարիներին Ալեքսեյ Հեքիմյանի կողմից գրված «Բանվոր տղա» երգը, որի բառերը փոփոխելուց հետո երգը դարձավ զինվորի մասին և կոչվեց «Զինվոր տղա»: Վերջերս երաժշտասերների դատին է հանձնել Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսն, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին հանրության դատին հանձնեց իր առաջին ռուսերեն հեղինակային երգը, որի խոսքերը ռուս հայտնի բանաստեղծ Իննոկենտի Անենսկունն են: Երգը կոչվում է «Աշնանային ռոմանս»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ