Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

«Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ շուտով կտրվի նոր ՋԷԿ-ի շինարարական աշխատանքների մեկնարկը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի  պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Ջովաննի Ռուբինին ներկայացրել է Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն` գոհունակություն հայտնելով  ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Նա նշել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների: «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը  հավաստիացրել է, որ շուտով կավարտվի ծրագրի ֆինանսական ամփոփումը և կտրվի էլեկտրակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը:

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը կարևորել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքների  պատշաճ իրականացումն ու  սահմանված ժամկետների պահպանումը:

250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր  ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացվում է իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ: Այն հնարավոր կլինի ավարտել 26 ամսվա ընթացքում և շահագործման կհանձնվի 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան, որի էներգիայի արժեքը, այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ, կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կվտժ-ի համար: Շինարարության մեջ ներգրավված է լինելու 1000-1200 մարդ, իսկ շահագործումից հետո ստեղծվելու են 230 աշխատատեղեր։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ