Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործի քննությունը նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Դատարանը պատճառաբանել էր, որ փաստաբան Արամ Օրբելյանի հետ իր կապերը այդքան մոտ չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա»,- ասաց Ալումյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը:

Մեղադրանքի կողմը առարկել էր միջնորդությանը, նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ