Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի  
միջնորդություն են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել ` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել` հիմք ընդունելով  նախագահող դատավորի և իմ միջև առկա  ընկերական կապը, այդ թվում` նախագահող դատավորի որդու հետ բավականին երկար ժամանակ Կապանում ընկերական շփումներ ենք ունեցել և համատեղ մասնացել ենք տարբեր միջոցառումների:  Նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ մենք նույնպես ունենք շատ մոտ ընկերական հարաբերություններ: Բացի դրանից, նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են»,-ասաց Օրբելյանը` հավելելով, որ Կապանը փոքր քաղաք է և այդ կապերը տրամաբանական են:

Պաշտպանական կողմը, կասկածի տակ չդնելով դատավորի  օբյեկտիվության էլեմենտը, միևնույն ժամանակ կարծում է, որ  որոշ մարդկանց մոտ հետագայում կառաջացնի կանխամտածված վերաբերմունք դատավորի նկատմամբ:

«Եթե միջնորդությունը բավարարվեր, եթե գրավը կիրառվեր,  դա քննարկման առիթ էր դառնալու և ՀՔԾ կարող էր ևս մեկ անգամ ասել, որ որոշումը ապօրինի է. այդ պատճառով ներկայացվել են նշված փաստերը և դատարանին հայտնել ենք ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը:

Օրբելյանը նշեց, որ դատական նիստի ժամի մասին կտեղեկացվի հաղորդագրության միջոցով:

Մեղադրանքի կողմը առարկել է միջնորդությանը, նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]