1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանն Ադրբեջանի հետ հարաբերություններում ներկա պայմաններում առավել կարևորում է անվտանգության գործոնը

Իրանն Ադրբեջանի հետ հարաբերություններում ներկա պայմաններում առավել 
կարևորում է անվտանգության գործոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնավարման առաջին շրջանում, ի տարբերություն նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին, Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում որոշակի առաջընթաց է նկատվել, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում: Ավելին, այդ շրջանում բացի երկկողմ ձևաչափով համագործակցությունից՝ երկու երկրներն ակտիվ համագործակցում էին նաև Իրան-Ադրբեջան-Վրաստան, Իրան-Ադրբեջան-Թուրքիա և Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափերով՝ հիմնականում շեշտը դնելով տնտեսական համագործակցության վրա:

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, սակայն փոխվստահության մթնոլորտը փոխվեց 2017թ. մայիսից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում անցկացվեց «Արաբական-ամերիկյան-իսլամական» խորհրդաժողովը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հենց այդ համաժողովի ժամանակ էր, որ Թրամփն Իրանին մեղադրեց Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ:

ԱՄՆ նոր մերձավորարևելյան քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ տեղ վերապահվեց Իսրայելին, որը 2015թ. միջուկային համաձայնությունից հետո Իրանի մասով Ադրբեջանի հետ համագործակցության ժամանակավոր դադար էր տվել:

2018 թվականն Իսրայելի և Ադրբեջանի ռազմական համագործակցության առումով բավական հագեցած էր: Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում Իրանի վերաբերյալ հնչած հայտարարությունները որոշակի մտահոգություն առաջացրին ոչ միայն Իրանի հասարակական-քաղաքական շրջանակների, այլև իրանցի սահմանապահների շրջանում:

2018թ. դեկտեմբերին ԻԻՀ սահմանապահ ծառայության հրամանատար Ղասեմ Ռեզային Բաքու կատարած այցի շրջանակներում ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ուշագրավ է, որ գեներալ Ղասեմին Ադրբեջան կատարած այցից ուղիղ մեկ ամիս անց կրկին այցելեց Իրան-Ադրբեջան սահման՝ ծանոթանալու սահմանային անվտանգությանը:

Նկատենք, որ Իրանի փորձագիտական շրջանակները 2019 թ-ին որպես արտաքին մարտահրավեր դիտարկում են նաև Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությունը, մասնավորապես Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությունը:

Ինչ վերաբերում է Իրանի և Ադրբեջանի միջև իրականացվող նախագծերին, ապա 2018թ. տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ այս փուլում կողմերը սառեցնում են տնտեսության և էներգետիկայի ոլորտներում նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները:

Նախորդ տարիների ընթացքում նախ հայտարարվում էր, թե Բաքուն պետք է 500 մլն. դոլարի ներդրում կատարի Ռաշթ-Ասթարա երկաթգծի շինարարության մեջ, իսկ հետ իրանական կողմը հայտարարեց, թե Ադրբեջանը խոստացել է ոչ թե ներդրում կատարել, այլ նույնչափ վարկ տրամադրել:

Ինչևէ, եթե մինչև ամերիկյան պատժամիջոցները դեռ կողմերը խոսում էին երկաթգծի շինարարության սկսման վերաբերյալ, ապա 2018թ. երկրորդ կիսամյակից հետո թե՛ իրանական, և թե՛ ադրբեջանական կողմից հնչած մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ այս փուլում սառեցվում է Ռաշթ-Ասթարա երկաթգծի շինարարությունը, և Ադրբեջանը չի պատրաստվում Իրանի շուրջ ձևավորված լարված մթնոլորտում խոշորամասշտաբ ներդրում կատարել:

Այդ համատեքստում ինչպես Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն, այնպես էլ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը, վերջերս անդրադառնալով Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարությանը, խուսափողական պատասխաններ են տվել, այնինչ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ երկու երկրների նախագահների մակարդակով խոսվում էր դրա մասին և հիմնավորվում դրա արդյունավետությունը: Ուշագրավ է, որ ադրբեջանցի նախարարն ԱՀ կողմից վարկի չտրամադրելը պայմանավորել է Իրանի շուրջ առկա լարված իրավիճակով:

Ուսումնասիրելով Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության, մասնավորապես Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության վերաբերյալ Իրանի հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքը, Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաև վերլուծելով երկկողմ հարաբերությունների առնչությամբ իրանական մամուլի հրապարակումներն ու իրանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները՝ կարելի է փաստել, որ Իրանում առկա է այն մտավախությունը, որ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած հակաիրանական գործողություններում Ադրբեջանի ներգրավվածությունը, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում սպասվող զարգացումներում Բաքուն կրկին կարող է մաս կազմել Իրանի դեմ նախաձեռնվող գործընթացներին:

Արմեն Իսրայելյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]