Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ինչու են լքում Ադրբեջանը

Ինչու են լքում Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում իրականությունը երկրի քաղաքական վերնախավի շահերին համապատասխանեցնելը ավանդույթ է դարձել: 

Մարտական գործողությունների հետևանքների և բնակչության միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներն անհամեմատ զավեշտալի են: Ըստ երևույթին, դրանք Ադրբեջանի հանրության ամենախոցելի ու ամենազգայուն կետերն են՝ սկսած 90-ականների սկզբից մինչ օրս: Ավանդույթի տպավորիչ կողմը մի քանի, մեկը մյուսին հակասող պաշտոնական թվեր հրապարակելն է: Օրինակ, Ադրբեջանը Արցախյան պատերազմի զոհերի մի քանի պաշտոնական թիվ է հրապարկել: Սկզբում հայտարարվել է, որ տանուլ տված պատերազմում Ադրբեջանը ունեցել է 25 հազար զոհ, հետո այդ թիվը նվազել է՝ հասնելով 10 հազարի, իսկ Խոջալուի դեպքերի ժամանակ զոհերի պաշտոնական թիվը տատանվել է 3 հարյուրից 3 հազարի միջև: Ադրբեջանի պաշտոնական թվաբանությունից մի տվյալ ևս բերենք: 2013 թ. Ադրբեջանը հայտարարեց, որ տարբեր պատճառներով տարվա ընթացքում զոհվել է 83 զինծառայող, իսկ այդ երկրի պաշտպանության նախարարությունը դարձյալ պաշտոնապես հայտարարեց, որ տարվա ընթացքում զոհվել է 140-ից ավելի զինծառայող:

Ապրիլյան պատերազմը, բնականաբար, չէր կարող բացառություն լինել: Ադրբեջանը սկզբում խոսեց 31 զոհի մասին: Մինչդեռ ռազմական գործողություններից մեկ ամիս անց Վիեննայում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ բերած թվերը վկայում էին, որ Ադրբեջանը ունեցել է առնվազն 270 զոհ: Հատկանշական է, որ մեկ տարի անց ադրբեջանական մամուլը տարածեց մի տեղեկություն, ըստ որի՝ հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված 200 ադրբեջանցի զինծառայողների զանգվածային գերեզմանոց:

Տրամաբանական է, որ Ադրբեջանի սանձազերծած անհեթեթ, անարդյունք ու կորստաշատ պատերազմը արտագաղթի նոր ալիք պիտի բարձրացներ:  Ըստ Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովի՝ Ռուսաստանում բնակվում է 3 միլիոն ադրբեջանցի, որոնք մտավորականներ ու գիտնականներ են և լուրջ ներդրում ունեն Ռուսաստանի տնտեսության և գիտության մեջ: Թե ադրբեջանական միտքը որքանով է ակտուալ Ռուսաստանում, այլ քննարկման նյութ է: Ըստ ավանդույթի այստեղ ևս  կա հակասություն. պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը 700 հազար է:

Մինչ BBC ռուսական ծառայության աշխատակից Մահերամ Զեյնալովը 2017 թ. հրապարակումներից մեկում նշում է ռուսական անձնագիր ստացած 5 հազար ադրբեջանցիների մասին, ադրբեջանական պաշտոնական տվյալներն ավետում են տնտեսության ծաղկման ու ներգաղթի աճող տեմպերի մասին:

Հակառակ ադրբեջանական պաշտոնական էյֆորիայի, ըստ BBC ռուսական ծառայության նույն աշխատակցի, Ադրբեջանի ահագնացող արտագաղթի պատճառներն հիմնականում գործազրկությունն է, ֆիզիկական և հոգեբանական անպաշտպանվածությունը, անկայունությունը, անորոշ ապագան և իհարկե զանգվածային ու համակարգված կոռուպցիան: Անշուշտ, այս ֆոնին պարզապես զավեշտալի է Ադրբեջանը ներգաղթողների համար բարենպաստ ու հաջող երկիր անվանող «Նոր Ադրբեջան» կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկի՝ Այդին Միրզազադեի հռետորաբանությունը և բնակչության աճի ու ներգաղթի մասին Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները: 

Միգրացիայի հետազոտող Արիֆ Յունուսը «Միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում Ադրբեջանում» վերնագրով իր հոդվածում ահազանգում է նաև արտագաղթի կառուցվածքային փոփոխության մասին. « ...Ավելացել է Եվրոպա մեկնողների և երիտասարդների թիվը», ովքեր Եվրոպական բուհերի նախկին ուսանողներ են և չեն վերադարձել հայրենիք:

Իսկ մեզ համար հետաքրքիր ու գրավիչ է մեկ ուրիշ հարց՝ ինչո՞ւ է քառօրյա պատերազմը հակամարտող երկրներից մեկում դառնում սարսափի, անպաշտպանվածության սրված զգացումի, հայրենիքը լքելու պատճառ, իսկ մյուս երկրում առաջացնում է հոգեբանական վերելք, խթանում հայրենասիրական զգացումները, հասարակությունը դարձնում ավելի համերաշխ, ամուր, համարձակ, մեծացնում զինվորական մասնագիտություն ընտրող երիտասարդների թիվը, ավելացնում Հայաստանից մանկության տարիներին հեռացած, բայց հայկական բանակում՝ սահմանային զորամասում ծառայել ցանկացող զորակոչիկների քանակը... Պատճառները բազմաթիվ են՝ սկսած ազգային մենթալիտետից, վերջացրած սեփական հողի վրա պատմական հայրենիքը ամեն գնով պաշտպանելու, հողի և արյան կապի ֆենոմենալ իրողությամբ: Թե սեփական բանակի ու զինվորի հանդեպ սիրո ու նվիրվածության ինչպիսի օրինակ ցույց տվեց մեր ժողովուրդը ապրիլյան պատերազմի օրերին, գիտեն բոլոր ականատեսները՝ ամբողջ հայ ժողովուրդը, երբ մանկահասակ երեխաներից մինչև տարեց, հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները՝ Հայաստանում և սփյուռքում, իրենց օգնությունն էին հղում առաջնագիծը պաշտպանող զինվորին ու սպային, սկսած փոքրիկ սրտառուչ նամակից մինչև սահման մեկնելու ու հակառակորդի ճանապարհը զենքով փակելու պատրաստակամություն: Այն հերոսական ասքերը, որ գրեցին 18-20 տարեկան հայ զինվորները ադրբեջանցի մինչև ատամները զինված հատուկ ջոկատայինների դեմ պայքարում, դեռ երկար կզինեն հայ մարդու ոգին: Այլապես ինչո՞վ բացատրես այն իրողությունը, որ ապրիլյան պատերազմից հետո էականորեն ավելացավ Ռուսաստանից ու այլ երկրներից Հայաստան վերադարձած ու զինծառայության մեկնած հայ երիտասարդների թիվը, ինչո՞վ բացատրես, որ միայն Գյումրու զինվորական կոմիսարիատից ապրիլյան պատերազմից առաջ ռազմական ուսումնական հաստատություններ են ընդունվել 33 պատանի, քառօրյա պատերազմից հետո այդ թիվը աճել է 14-ով, հասնելով 47 -ի: Բացի դրանից այլընտրանքային ծառայության մեկնողների թիվը կտրուկ նվազել է, բազմաթիվ զինկոմիսարիատների տվյալներով՝ նույնիսկ իսպառ վերացել: 

Ապրիլյան պատերազմը ոչնչացրեց սեփական բանակի անխորտակ ուժի մասին ադրբեջանական իշխանությունների հորինած սին ու փուչ առասպելը, որով սնել էին ադրբեջանցիներին տասնամյակներ շարունակ՝ ռազմական ծախսերի անվան տակ քողարկելով փողերի լվացումը պետական մակարդակով, արդարացրել հասարակ մարդկանց սոցիալական ծանր վիճակը, ժողովրդի պաշտպանվածության խոստումով մեղմել կենսամակարդակի անօրինակ բևեռացումը: Ու բնական է, որ ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիները պիտի հայտնվեին խոր հոգեբանական ճգնաժամի մեջ: Իսկ ժողովրդի ընդվզման մի քանի երկչոտ դրսևորումները խեղդելուց հետո ադրբեջանական իշխանությունները պիտի ապրիլյան պատերազմի ծանր հետևանքները վերացնելու ծրագիր մտմտային, որի մեջ, անշուշտ, մտնում է նաև Հայաստանի ձեռքբերումները հերքելու ու իրականությունը սեփական ցանկությունների տրամաբանությամբ ներկայացնելու գործելաոճը: 

Իսկ մեզ մնում է պահպանել հոգեբանական վերելքն ու ավելի հզոր, ավելի արդար, ավելի բարեկեցիկ Հայաստանի տեսիլքով կառուցել սեփական երկրի հաստատուն ապագան:

Հայկ Սիմոնյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]