1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրահանգ կա վերևից. զարտուղի ճանապարհներով գործարքների գնացողները խստորեն կպատժվեն. Զարուհի Բաթոյանը՝ բժշկասոցիալական ոլորտի բարեփոխումների մասին

Հրահանգ կա վերևից. զարտուղի ճանապարհներով գործարքների գնացողները խստորեն 
կպատժվեն. Զարուհի Բաթոյանը՝ բժշկասոցիալական ոլորտի բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է ոլորտում իրականացվող բարեփոխումները:

- Ինչպե՞ս կգնահատեք, Ձեր պաշտոնավարման ամիսները, ինչպիսի՞ շրջան էր Ձեզ համար:

-Շրջանը, որպես այդպիսին, շատ ծանր չէր, որովհետև ոլորտին ծանոթ էի: Չնայած, կարող եմ ասել, որ ավելի շատ հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու ամիսներ էին: Տարբեր աշխատանքային խմբերի հետ քննարկումների, հանդիպումների միջոցով ավելի շատ հետազոտական, քննարկումների շրջան էր, որ կոնկրետ բարեփոխումներին ուղղված ծրագրերը շատ ավելի լավ ուսումնասիրենք: Հասկանանք, թե ինչպիսի ծրագրերի անհրաժեշտություն կա, որոնք բարելավելու կարիք ունեն: Աշխատանքային շրջանը բուռն էր այն իմաստով, որ զուգահեռ գործընթացներ կային, որոնց մենք ուղղակի պարտավոր էինք արձագանքել:

-Լինելով ոլորտին ծանոթ մարդ՝ ասացիք, որ նաև անցկացրել եք ուսումանսիրություններ։ Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք առանձնացրել և որո՞նց եք հասցրել անդրադառնալ:

-Խնդիրները հիմնականում կապված են հաշմանդամության ճանաչման կամ հաշմանդամության խմբի տրամադրման հետ: Այս գործընթացը խնդրահարույց է, և բոլորը, կարծես թե, ծանոթ են դրան: Փորձեցինք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել, մենք իրականում ցանկանում ենք գնահատման այլ մոդել ներդնել Հայաստանում, որն ավելի շատ հիմնված կլինի մարդու իրավունքների վրա: Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինի միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Գործող համակարգն այդպիսին է: Մենք պետք է գնահատենք անձի կարիքները, որպեսզի հասկանանք, թե ինչ ծառայություններ առաջարկենք: Միգուցե մեկն ունի իր բնակարանը հարմարեցնելու խնդիր, մեկը՝ միայն լսողական սարքի կարիք, մյուսը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունի: Այսօր այդ անհատական մոտեցումը չկա: Անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը բացակայում է: Այս կարճ ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ ենք իրականացրել: Օրինակ, նվազագույնի են հասցվել խորհրդատվական նպատակով ԲՍՓ գործակալություն ուղարկվող դեպքերը: Այսինքն՝ մարզերից հանձնաժողովներից Երևան՝ գործակալություն, ուղարկվող դեպքերն ենք նվազագույնի հասցրել: Մյուս փոփոխությունը կապված է տեխնիկական հարցերի հետ: Նախ՝ գրանցումը, որ մարդիկ կոնկրետ ժամերով գրանցվեն: Ստեղծեցինք ֆեյսբուքյան էջ, որ նրանք կարողանան առցանց կապի մեջ լինել, իրենց մտահոգող հարցերը բարձրացնել: Սա շատ կարևոր է, որ որևէ բնակավայրից հաշմանդամություն ունեցող անձինք չհասնեն Երևան կամ մարզկենտրոն ինչ-որ բան ճշտելու: Տեղեկատվական բացն ենք լրացնում:

Դրանից բացի, ամսվա ընթացքում մեկ անգամ բոլոր հանձնաժողովների ղեկավարները հանդիպում են ունենում նախարարությունում և քննարկում բոլոր վիճելի մեթոդական հարցերը: Հանձնաժողովի աշխատանքները բարելավելու համար նախարարության կազմում ստեղծել ենք կենտրոնական հանձնաժողով, որտեղ մասնագետները կլինեն որպես 3-րդ օղակ: Եթե անձը կարող էր հանձնաժողովի որոշումը բողոքարկել մեկ օղակում, որից հետո պետք է դիմեր դատարան, ապա այսօր մինչ դատարանը կա ևս մեկ օղակ՝ նախարարության մասնագետների խումբը:  

-Դուք թվարկեցիք արված աշխատանքը, սակայն հիմնականում այս ոլորտի խնդիրներն այն հանգամանքի հետ են կապված, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում հանձնաժողովների որոշումներին: Այս արված աշխատանքը նպաստո՞ւմ է, որ մարդիկ վստահեն այդ գործընթացին:

-Այո, տեղեկատվության տրամադրումը կարող է նպաստել, որովհետև եթե մարդ անտեղյակ է, չգիտի, թե ինչ չափանիշներով է գնահատվում, ինչպես է կայացվում որոշումը, ինչու է այս կամ այն հանձնաժողով գնում, փաստաթղթեր տանում, ապա իր համար խնդիրը մութ է մնում: Մյուս կողմից՝ վերաբերմունքի խնդիր կա: Մարդիկ շատ հաճախ բողոքում են իրենց հանդեպ վերաբերմունքից, կոռուպցիոն ռիսկերից և այլն: Այդ առումով շատ խիստ զգուշացված են հանձնաժողովների անդամները: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա եթե ունենում ենք որևէ զանգ, մենք միանգամից դիմում ենք իրավապահ մարմիններին: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին նման դեպքերում դիմել իրավապահներին:

Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների: Այսօր այդ ճանապարհն այլևս չկա, նման դեպքերը խստորեն պատժվում են, հրահանգ կա վերևից, որ նախկին գործելաոճը չի լինելու, սակայն դա կարող է միանշանակ չընդունվել քաղաքացիների կողմից: Հաշմանդամություն ունեցող անձը սկսում է բողոքել, որովհետև իսկապես գործող չափանիշներով չի սահմանվում հաշմանդամությունը, իսկ նախկինում նման դեպքերով դիմել են գործարքների:

-Միգուցե դա սոցիալական կարգավիճակի՞ց է գալիս. մարդիկ ունեն այդ 20 կամ 30 հազար դրամի կարիքը:

-Այո, ցավոք, հաշմանդամության խումբ ունենալն այսօր կապված է նաև սոցիալական հարցերի հետ, թեև հաշմանդամության թոշակն այդքան էլ բարձր չէ: Դրա համար մենք փորձում ենք զարգացնել ծառայությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն անձանց կարիքների հետ:

-Դուք նշեցիք, որ նախատեսում եք նոր մոդել ներդնել, որով հաշմանդամություն ունեցող անձի կարիքները կգնահատվեն ու, ըստ այդմ էլ, ծառայություններ կմատուցվեն: Ե՞րբ դա կյանքի կկոչվի, և կոնկրետ ի՞նչ ծառայությունների մատուցման մասին է խոսքը:

-Մոդելի ուղղությամբ տարվել են աշխատանքներ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, մշակվել են գործիքակազմ, չափորոշիչներ: Նոր մոդելը թույլ է տալիս գնահատել մարդու ոչ միայն առողջական ֆունկցիոնալ վիճակը, այլև միջավայրային պայմանները, խոչընդոտները, սահմանափակումները, որպեսզի պարզ լինի, թե ինչ միջամտության անհրաժեշտություն կա: Այդ միջամտությունը պետք է անենք ծառայությունների մատուցմամբ: Օրինակ, ծառայություններ՝ ուղղված մարդուն աջակցող տեխնոլոգիաներ տրամադրելուն, մարդու զբաղվածությանը, վերականգնողական գործընթացին, տան կամ աշխատատեղի հարմարեցմանը, անձնական օգնականի տրամադրմանը և այլն: Հիմա իրականացնում ենք նաև այդ ծառայությունների ֆինանսական գնահատումը: Ցավոք, մենք դեռ չունենք հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց կարիքների գնահատում, պարզ չէ, թե կոնկրետ անձն ինչի կարիք ունի: Դրա համար դժվար է ծառայությունների ֆինանսական վերջնական գնահատականը տալը: Հիմա այդ ամենն արվում է, ֆինանսական հաշվարկները շատ մոտավոր կլինեն:

-Դուք որոշե՞լ եք, ձեր գործունեությունը շարունակելու եք գործադի՞ր, թե օրենսդիր մարմնում:

- Ես ուզում եմ շարունակել գործադիրում: Դեռ դա չենք քննարկել քաղաքական թիմով, բայց, հավանաբար, ես կմնամ գործադիրում: Այս ծրագրերը, որոնց մասին պատմեցի, շատ կարևոր են: Ինձ համար էլ կարևոր է, որ կարողանանք մինչև վերջ իրականացնել: Դրանք լուրջ փոփոխություններ են, և ես ինձ պատասխանատու եմ զգում:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]