Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Գյումրիում անդրադարձել է ոչ հիմնական շինությունների խնդրին


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ այցելել է Գյումրի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում աղետի գոտու ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի կանոնակարգման հարցը տեղում քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից,  ոլորտի գերատեսչության ներկայացուցիչներին ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա Ավետիք Էլոյանին ծանոթացրել է տնակների փաստագրման՝ արդեն ավարտական փուլում գտնվող աշխատանքներին:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ավարտական փուլում գտնվելու հանգամանքը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից զուգահեռաբար մշակվել էր աղետի գոտու քաղաքային համայնքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման մասին որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր այս տարվա գարնանը:

Ոչ հիմնական շինությունների հստակ տեղաբաշխումը տեսանելի դարձնելու համար՝ դրանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, բացի աղյուսակային նյութերի մշակումից՝  իրականացվել է նաև քարտեզագրում:

Փաստագրման վերաբերյալ ամփոփիչ տեղեկատվությունը կառավարության կողմից սահմանված ընթացակարգով մինչև տարեվերջ ներկայացվելու է Քաղաքաշինության կոմիտե, որից հետո արդեն, դրանց հիման վրա մշակվելու է առաջարկությունների փաթեթ:

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, փաթեթը մշակվելու է այդ նպատակով Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ ստեղծվող աշխատանքային խմբի կողմից և ներառելու է առաջարկություններ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու և տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու վերաբերյալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ