Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը Մկրտիչ Սանասարյանի 200-ամյակը նշանավորեց գիտաժողովով


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային բարերար, Էրզրումի (Կարին) Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի 200-ամյակի առիթով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ նրան նվիրված գիտաժողով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիտաժողովին մասնակցել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, Սանասարյանի գործունեության ուսումնասիրությամբ զբաղվող Գագիկ Ղարաջյանը, ինչպես նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչներ:

Գագիկ Ղարաջյանը գիտաժողովի ժամանակ ներկայացրեց Մկրտիչ Սանասարյանի գործունեությունը, Օսմանյան Կայսրության ամենանշանավոր հայկական դպրոցներից Սանասարյան վարժարանի հիմնադրման պատմությունը, այդ նշանավոր ուսումնական հաստատության առավել ականավոր շրջանավարտների գործունեությունը:

Գիտաժողովի ժամանակ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը խոսել է Մկրտիչ Սանասարյանի և Սանասարյան վարժարանի համահիմնադիր,  մեր մեկ այլ ազգային նվիրյալի՝ Կարապետ Եզյանի  բարեկամության և բացառիկ արդյունավետ համագործակցության մասին:

«Մկրտիչ Սանասարյանի և Կարապետ Եզյանի համագործակցության արդյունքում հազարավոր հայ երիտասարդներ ստացել են կրթության հնարավորություն»,- նշեց Ալեքսանդր Սաֆարյանը:

Պրոֆեսոր Սաֆարյանը ելույթում ընդգծեց նաև այն փաստը, որ Մկրտիչ Սանասարյանի գործունեությանը նվիրված զեկույցներով ժամանակին բազմիցս հանդես է եկել տարագրության մեջ գտնվող պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը:

Հայտնի Սանասարյան վարժարանը Մկրտիչ Սանասարյանի միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով 1881թ. հիմնադրվել է Էրզրումում (Կարին):

Սանասարյան վարժարանում սովորել են գավառական դպրոցն ավարտած նախապես 7-11, ապա՝  11-12 տարեկան երեխաները:

1912թ. Սանասարյան վարժարանը տեղափոխվել է Սեբաստիա, ունեցել է ուսուցողական, մանկավարժական և արհեստագիտական բաժիններ:

Վարժարանի ուսուցողական բաժնում դասավանդվել են մայրենի լեզու (աշխարհաբար և գրաբար), պատմություն, աշխարհագրություն, մատենագրություն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաև օսմաներեն: 1881–1910 թվականներին Սանասարյան վարժարանում սովորել է 840 սան։ 1915 թվականին ուսուցիչների մեծ մասը նահատակվել է, իսկ վարժարանը՝ ավերվել։

Մկրտիչ Սանասարյանը մեծապես օժանդակել է Կովկասի հայ ուսանողներին, կրթաթոշակ տրամադրել, կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկել, նա իր ողջ հարստությունը կտակել է հայոց դպրոցներին:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ