ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը Մկրտիչ Սանասարյանի 200-ամյակը նշանավորեց գիտաժողովով
18:43, 14 Դեկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային բարերար, Էրզրումի (Կարին) Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի 200-ամյակի առիթով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ նրան նվիրված գիտաժողով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիտաժողովին մասնակցել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, Սանասարյանի գործունեության ուսումնասիրությամբ զբաղվող Գագիկ Ղարաջյանը, ինչպես նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչներ:
Գագիկ Ղարաջյանը գիտաժողովի ժամանակ ներկայացրեց Մկրտիչ Սանասարյանի գործունեությունը, Օսմանյան Կայսրության ամենանշանավոր հայկական դպրոցներից Սանասարյան վարժարանի հիմնադրման պատմությունը, այդ նշանավոր ուսումնական հաստատության առավել ականավոր շրջանավարտների գործունեությունը:
Գիտաժողովի ժամանակ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը խոսել է Մկրտիչ Սանասարյանի և Սանասարյան վարժարանի համահիմնադիր, մեր մեկ այլ ազգային նվիրյալի՝ Կարապետ Եզյանի բարեկամության և բացառիկ արդյունավետ համագործակցության մասին:
«Մկրտիչ Սանասարյանի և Կարապետ Եզյանի համագործակցության արդյունքում հազարավոր հայ երիտասարդներ ստացել են կրթության հնարավորություն»,- նշեց Ալեքսանդր Սաֆարյանը:
Պրոֆեսոր Սաֆարյանը ելույթում ընդգծեց նաև այն փաստը, որ Մկրտիչ Սանասարյանի գործունեությանը նվիրված զեկույցներով ժամանակին բազմիցս հանդես է եկել տարագրության մեջ գտնվող պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը:
Հայտնի Սանասարյան վարժարանը Մկրտիչ Սանասարյանի միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով 1881թ. հիմնադրվել է Էրզրումում (Կարին):
Սանասարյան վարժարանում սովորել են գավառական դպրոցն ավարտած նախապես 7-11, ապա՝ 11-12 տարեկան երեխաները:
1912թ. Սանասարյան վարժարանը տեղափոխվել է Սեբաստիա, ունեցել է ուսուցողական, մանկավարժական և արհեստագիտական բաժիններ:
Վարժարանի ուսուցողական բաժնում դասավանդվել են մայրենի լեզու (աշխարհաբար և գրաբար), պատմություն, աշխարհագրություն, մատենագրություն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաև օսմաներեն: 1881–1910 թվականներին Սանասարյան վարժարանում սովորել է 840 սան։ 1915 թվականին ուսուցիչների մեծ մասը նահատակվել է, իսկ վարժարանը՝ ավերվել։
Մկրտիչ Սանասարյանը մեծապես օժանդակել է Կովկասի հայ ուսանողներին, կրթաթոշակ տրամադրել, կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկել, նա իր ողջ հարստությունը կտակել է հայոց դպրոցներին:
© 2009 ARMENPRESS.am