Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը կարևորեցին նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի համար հանդիսանում են առաջնայնություններ և շեշտեց  գործընթացում Արցախի որոշիչ ձայնի կարևորությունը:

Խոսելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման մասին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց փոխվստահության միջոցառումների իրականացման ու հռետորաբանության նվազեցման անհրաժեշտությունը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը կոչ է անում իր միջազգային գործընկերներին ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և անկայունության տարածմանը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ  միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու և հիշյալ ձևաչափով համաձայնեցված ձևակերպումներից դուրս այլ ձևակերպումներ փնտրելու փորձերը չեն նպաստում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ