Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործում է չինական անկյուն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործում է չինական անկյուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարուստ պատմությունը, գրականությունը, արվեստը, մշակույթը, կենցաղն ու ավանդույթները ներկայացված են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունում»: 

«Չինական անկյան» բացման մասին

2014 թվականի նոյեմբերի 21-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Չինաստանի «Hanban» /չինարեն լեզվի տարածման կենտրոն/ ընկերության  նախաձեռնությամբ բացվեց  «Չինական անկյունը»: Գրադարանը համալրվեց չինարեն շուրջ 300 միավոր բազմաժանր գրականությամբ: Բացմանը ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան կրթության և մշակույթի հարցերով առաջին քարտուղար Յե Շենը, Հայաստանում  Կոնֆուցիուսի ինստիտուտի հայ և չին տնօրեններ Նաիրա Գրիգորյանը և Յանգ Մեյխուան, մտավորականներ, գրողներ, գրադարանավարներ, ընթերցողներ, ինչպես նաև հայ և չին լրագրողներ:

«Չինական անկյան» հիմնումից ի վեր այստեղ իրականացվել են բազմաթիվ խոշոր միջոցառումներ՝ նվիրված Չինաստանի հարուստ պատմությանը, գրականությանը, արվեստին, մշակույթին, կենցաղին ու ավանդույթներին:

 

                         ԳԱՐՆԱՆ ՏՈՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Ամեն տարի՝ փետրվար ամսին Չինաստանում նշում են Չինական նոր տարին կամ ինչպես իրենց մոտ է ընդունված ասել՝ «Գարնան տոնը»:

2015 թվականից ի վեր  «Գարնան տոնը»  նշվում է նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունում»: Տոնին նվիրված միջոցառումներին մշտապես ներկայացվում են, թե ինչպես են չինացիները տոնում Նոր տարին և, թե ինչ խորհուրդ է այն կրում, անդրադարձ է կատարվում  նաև չինական մշակութային և պատմական հարուստ իրադարձություններին, չին ժողովրդի կարևոր հայտնագործություններին, ինչպես նաև հնչում են այս տոնին նվիրված երգեր, որոնք զուգորդվում են չինական պարային բեմադրություններով:

ՉԻՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԵՐ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունում» ամեն տարի կազմակերպվում են չինական պոեզիայի օրեր, որի ընթացքում գրադարանի ընթերցողներին ներկայացվում է չինական հարուստ և բազմաշերտ պոեզիան:

ԱՇՆԱՆ ՏՈՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

2015 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Աշնան տոնը Չինաստանում»  խորագրով հանդիսությունը` նվիրված չինական աշնան տոնին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Աշնան տոնի լեգենդը» խորագրով թատերական հատված, որն ուղեկցվում էր տոնի մասին պատմող տեսանյութով: Հնչեցին  տոնին նվիրված բանաստեղծություններ, չինական ավանդական երաժշտություն:

ՉԻՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2015 թվականից ի վեր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում պարբերաբար կազմակերպվում  է գրադարանի նկարչական ստուդիայի սաների՝ չինական հեքիաթների, առակների  մոտիվներով նկարների ցուցահանդեսները:

ՉԻՆԱԿԱՆ  ՀԵՔԻԱԹԱՊԱՏՈՒՄ

Այս ծրագրի շրջանակում տարվա ընթացքում «Չինական անկյունը» պարբերաբար հյուրընկալում է փոքրիկ հեքիաթասերներին. գրադարանի աշխատակիցները, ՀՀ  հայտնի  մտավորականներ, դերասաններ երեխաների համար ընթերցում են չինական ժողովրդական հեքիաթներ: 

ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ

Տարվա ընթացքում «Չինական անկյունում» կազմակերպվում  են ցերեկույթներ՝ նվիրված Չինաստանի դարավոր և հարուստ մշակույթին, բանահյուսությանը, պատմությանը, ճարտարապետությանն ու լեգենդներին: Միջոցառումներն ուղեկցվում  են չինական հեքիաթների բեմականացումներով, երգով ու պարով:

ԹԵՅԱԽՄՈՒԹՅՈՒՆ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունը»  պարբերաբար հյուրընկալում  է թեյի սիրահարներին: Վերջիններիս համար կազմակերպվում է չինական թեյախմության արարողություն՝  թեյի վարպետ Հրանտ Դանդուրովի մասնակցությամբ: Թեյախմության ընթացքում վարպետը ներկայացնում է թեյի պատմությունը, թեյատեսակների տարբերությունը, ինչպես նաև ծանոթացնում թեյի պատրաստման և ըմպման նրբություններին:

Միջոցառումների շարքը շարունակվում է...

2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի  «Չինական անկյունում» տեղի կունենա չինական խոհանոցին և ավանդույթներին նվիրված միջոցառում:

Արևիկ Արիստակեսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]