Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործում է չինական անկյուն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարուստ պատմությունը, գրականությունը, արվեստը, մշակույթը, կենցաղն ու ավանդույթները ներկայացված են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունում»:
«Չինական անկյան» բացման մասին
2014 թվականի նոյեմբերի 21-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Չինաստանի «Hanban» /չինարեն լեզվի տարածման կենտրոն/ ընկերության նախաձեռնությամբ բացվեց «Չինական անկյունը»: Գրադարանը համալրվեց չինարեն շուրջ 300 միավոր բազմաժանր գրականությամբ: Բացմանը ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան կրթության և մշակույթի հարցերով առաջին քարտուղար Յե Շենը, Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հայ և չին տնօրեններ Նաիրա Գրիգորյանը և Յանգ Մեյխուան, մտավորականներ, գրողներ, գրադարանավարներ, ընթերցողներ, ինչպես նաև հայ և չին լրագրողներ:
«Չինական անկյան» հիմնումից ի վեր այստեղ իրականացվել են բազմաթիվ խոշոր միջոցառումներ՝ նվիրված Չինաստանի հարուստ պատմությանը, գրականությանը, արվեստին, մշակույթին, կենցաղին ու ավանդույթներին:
ԳԱՐՆԱՆ ՏՈՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Ամեն տարի՝ փետրվար ամսին Չինաստանում նշում են Չինական նոր տարին կամ ինչպես իրենց մոտ է ընդունված ասել՝ «Գարնան տոնը»:
2015 թվականից ի վեր «Գարնան տոնը» նշվում է նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունում»: Տոնին նվիրված միջոցառումներին մշտապես ներկայացվում են, թե ինչպես են չինացիները տոնում Նոր տարին և, թե ինչ խորհուրդ է այն կրում, անդրադարձ է կատարվում նաև չինական մշակութային և պատմական հարուստ իրադարձություններին, չին ժողովրդի կարևոր հայտնագործություններին, ինչպես նաև հնչում են այս տոնին նվիրված երգեր, որոնք զուգորդվում են չինական պարային բեմադրություններով:
ՉԻՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԵՐ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունում» ամեն տարի կազմակերպվում են չինական պոեզիայի օրեր, որի ընթացքում գրադարանի ընթերցողներին ներկայացվում է չինական հարուստ և բազմաշերտ պոեզիան:
ԱՇՆԱՆ ՏՈՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
2015 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Աշնան տոնը Չինաստանում» խորագրով հանդիսությունը` նվիրված չինական աշնան տոնին: Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Աշնան տոնի լեգենդը» խորագրով թատերական հատված, որն ուղեկցվում էր տոնի մասին պատմող տեսանյութով: Հնչեցին տոնին նվիրված բանաստեղծություններ, չինական ավանդական երաժշտություն:
ՉԻՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2015 թվականից ի վեր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում պարբերաբար կազմակերպվում է գրադարանի նկարչական ստուդիայի սաների՝ չինական հեքիաթների, առակների մոտիվներով նկարների ցուցահանդեսները:
ՉԻՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԱՊԱՏՈՒՄ
Այս ծրագրի շրջանակում տարվա ընթացքում «Չինական անկյունը» պարբերաբար հյուրընկալում է փոքրիկ հեքիաթասերներին. գրադարանի աշխատակիցները, ՀՀ հայտնի մտավորականներ, դերասաններ երեխաների համար ընթերցում են չինական ժողովրդական հեքիաթներ:
ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ
Տարվա ընթացքում «Չինական անկյունում» կազմակերպվում են ցերեկույթներ՝ նվիրված Չինաստանի դարավոր և հարուստ մշակույթին, բանահյուսությանը, պատմությանը, ճարտարապետությանն ու լեգենդներին: Միջոցառումներն ուղեկցվում են չինական հեքիաթների բեմականացումներով, երգով ու պարով:
ԹԵՅԱԽՄՈՒԹՅՈՒՆ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունը» պարբերաբար հյուրընկալում է թեյի սիրահարներին: Վերջիններիս համար կազմակերպվում է չինական թեյախմության արարողություն՝ թեյի վարպետ Հրանտ Դանդուրովի մասնակցությամբ: Թեյախմության ընթացքում վարպետը ներկայացնում է թեյի պատմությունը, թեյատեսակների տարբերությունը, ինչպես նաև ծանոթացնում թեյի պատրաստման և ըմպման նրբություններին:
Միջոցառումների շարքը շարունակվում է...
2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյունում» տեղի կունենա չինական խոհանոցին և ավանդույթներին նվիրված միջոցառում:
Արևիկ Արիստակեսյան