Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Վարդանանց ասպետներ» դպրոցում մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը

«Վարդանանց ասպետներ» դպրոցում մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցում նոյեմբերի 22-ին գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի մասնակցությամբ կազմակերպվեց «Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին դաս-հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների համատեղ նախաձեռնած  «Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է, որ  ժամանակակից  արվեստագետները այցելեն դպրոցներ և մեծացնեն հետաքրքրությունը   դպրոցականների շրջանում կերպարվեստի, երաժշտության և գրականության հանդեպ:

«Տարվա ընթացքում 50 արվեստագետ  այցելելու է 30-ական դպրոց և իր արվեստն է ներկայացնելու աշակերտներին: Նրանք նկարիչներ են, երգիչներ, գրականության մասնագետներ և այլն: Մենք կարծում ենք, որ մեր աշակերտները ժամանակակից արվեստի հետ շփում չունեն:  Այսպիսով, մենք արվեստը բերում ենք դպրոց, և վստահ եմ, որ այս ծրագիրն իրագործման արդյունքում աշակերտներին կտանի թանգարաններ, պատկերասրահներ և թատրոններ»,- ասաց Հարությունյանը:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով` այս ծրագրով ցանկություն կա  ցույց տալու  դպրոցականներին, թե ինչքան հետաքրքիր է մշակույթը և արվեստը:

«Մենք ցանկանում ենք, որ դպրոցականները լայնացնեն իրենց մտահորիզոնը  և իրենց մեջ բացահայտեն  մշակութային տաղանդը: Միգուցե, ապագայում նրանց հանդիպենք  արդեն ցուցահանդես կազմակերպելու շրջանակներում»,-ընդգծեց Մակունցը:

Ներկայացված նախագծերի քննարկման և բոլոր դիմողների հետ կազմակերպված հարցազրույցների արդյունքում ընտրվել է կերպարվեստի, գրականության և երաժշտության ոլորտների 50 արվեստագետ և տեսաբան, որոնք վիճակահանության արդյունքում հնարավորություն են ստացել կյանքի կոչելու իրենց նախագծերը շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում ` յուրաքանչյուր մասնակիցը 30 դպրոցում:

Նախագծի վերջնական ընտրության հարցում որոշիչ են եղել ներկայացված նախագծի համապատասխանությունը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի բովանդակային և մեթոդական հիմնական չափորոշիչներին՝ նորարարություն, ինտերակտիվ ստեղծագործական մոտեցում, ներառականություն, շարունակականությունն ապահովելու հնարավորություն:

Ներգրավելով դպրոցականներին և ժամանակակից արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը բացառիկ հնարավորություն է ստեղծում վերաարժևորելու արվեստի հետ կենդանի հաղորդակցման կարևորությունը ժամանակակից թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև խթանելու միջսերնդային ճանաչողությունը և համագործակցությունը: Ծրագիրը միտված է դպրոցներում այլընտրանքային կրթության նորարարական հարթակ դառնալուն՝ նպաստելով արվեստի միջոցով երեխաների քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորմանն ու զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am