Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն առաջարկում է տարանջատել գազի փոխադրումն ու բաշխումը


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի փոխադրման և բաշխման համակարգերը պետք է տարանջատվեն: Գազի բաշխումը պետք է իրականացնի մրցութային կարգով ընտրված մեկ այլ օպերատոր` ավելի ցածր շահութաբերությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում հրավիրված ասուլիսում նման առաջարկ արեց Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը` ամփոփելով հանձնաժողովի մեկ ամսվա աշխատանքները:

«Բանակցությունները պետք է շարունակվեն, որ գազի սակագնի իջեցում լինի սահմանից, ԵԱՏՄ մեկ այլ երկիր սահմանից ստանում է ավելի ցածր գնով: Իսկ ինչո՞ւ չքննարկել այն հարցը, որ գազի փոխադրման համակարգն ու գազի բաշխման համակարգը տարանջատվեն: «Գազպրոմ Արմենիան»-ն թող իր գործառույթները կատարի, սակայն բաշխումը պետք է տարանջատել: Բաշխման համար ըստ տարածաշրջանների կարող ենք մրցույթ հայտարարել, դրան կարող են մասնակցել տարբեր մասնագիտացված օպերատորներ, որոնք գազի բաշխումը կառաջարկեն մեկ այլ գնով` ավելի ցածր շահութաբերությամբ` պահպանելով նաև «Գազպրոմ Արմենիա»-ի շահերը»,-ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով` ողջ աշխարհը ազատականացման ճանապարհով է գնում: Մելքումյանի հավաստմամբ` փոխադրման և բաշխման տարանջատումը ողջ աշխարհում ընդունված գործիքներից է:

Մելքումյանը առաջարկեց նաև սահմանել գազի ոչ թե երկու, այլ մի քանի սակագին: Մինչ 1000 խմ Գազի օգտագործման դեպքում վճարում են մի սակագին, դրանից ավելիի դեպքում` մեկ այլ: «Եվրոպական շատ երկրներում ընդունված է, որ համատիրությունները միասնական բաժանորդ են դառնում և օգտագործում են տասը հազար խմ-ից ավելի գազ, որ վճարեն, այսպես ասած, բոնուսային սակագին: Ես չեմ ասում, որ դա այդպես պետք է լինի նաև Հայաստանում, բայց նման շատ գործիքներ կան աշխարհում»,-եզրափակեց Մելքումյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ