Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում


ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Սիրիայում տարբեր էթնիկ խմբեր, այդ թվում քրդերը, թուրքմեններն ու սիրիացի քրիստոնյաները երկրում մի քանի տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով ապաստան են փնտրում Թուրքիայում, սիրիահայերը խուսափում են մեկնել այդ երկիր: Այս փաստին անդրադարձել է թուրք լրագրող Սիբել Հուրթասը, ով Al-Monitor-ում հրապարակված հոդվածում գրել է այն մասին, թե ինչու են սիրիահայերը խուսափում Թուրքիայից:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  լրագրողը նշում է, որ Սիրիայում պատերազմի հետևանքով տեղի քրդերն ու թուրքմենները փորձեցին ապաստան գտնել հարևան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հորդանանը, Լիբանանն ու Թուրքիան: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում բնակվում է ավելի քան 3,5 մլն սիրիացի փախստական, որոնցում, սակայն, չկան հայեր:

Թուրք լրագրող Սերդար Քորուջուն, ով զբաղվում է Թուրքիայի սահմանին մոտ բնակեցված սիրիացի փախստականների հարցերի ուսումնասիրությամբ, Հուրթասին պատմել է, որ իր հետազոտությունների ժամանակ արձանագրել է հետաքրքիր մի փաստ. այդ փախստականների շարքում գրեթե հայեր չկան: «Ես ինքս ինձ ասացի՝ սա չի կարող լինել միայն այն պատճառով, որ հայերը Սիրիայի բնակչության մեջ փոքր թիվ են կազմում, այստեղ մեկ այլ պատճառ կա»,- պատմել է նա: Ավելի ուշ Քորուջուն Թուրքիայում հանդիպել է մի սիրիահայի, ով ասել է, որ թեպետ Թուրքիայի սահմանն իրենց մոտ է, սակայն իրական կյանքում այն խիստ հեռու է իրենցից, և դրա պատճառը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն է: «Սիրիահայերը 100 տարի առաջ Անատոլիայից փախել էին Հալեպ: Կոտորածի նրանց մասին հիշողություններն այնքան թարմ են, որ նրանք որոշել են չգալ Թուրքիա»,- պատմել է Քորուջուն, ով գիրք է հեղինակել «Հալեպից հեռու գտնվողները» վերնագրով:

Գրքի պատրաստման համար նա զրուցել է մի քանի տասնյակ սիրիահայերի հետ, որոնց պատմությունները հիմնականում նույնն են եղել. նրանք բոլորը վաղ տարիքից տատերից ու պապերից լսել են հիշողություններ ու վկայություններ 1915-ի կոտորածների մասին: «Սիրիայում տեղի ունեցող պատերազմը մեր երկրորդ ցեղասպանությունն է: Իմ պապը վերապրել է առաջին ցեղասպանությունը, երբ նրանք 1915-ին Ուրֆայից փախան Սիրիա»,- պատմել է Լենա Շամիլյանիսեն:

«Որպես հայեր՝ մեր կյանքը լի է արկածներով ու ողբերգություններով, ասես սա է մեր ճակատագիրը: Ես մասնակցել եմ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին: Դրանք շատ ցավալի են, սակայն այդ ցավը նաև հիշեցնում է մեզ, որ մենք ուժեղ ենք»,- ասել է մեկ այլ սիրիահայ Սաղիկ Ռաստգելենյանը:

Քորուջուն նշել է, որ Սիրիայից փախչելու ճանապարհին Թուրքիայից խուսափելը ոչ միայն հիշողության պատճառով է, այլև ներկայում թուրքական պետության կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի հետևանք: «Սիրիահայերը կարծում են, որ եթե նրանք գան Թուրքիա, այստեղ նրանց լավ չեն վերաբերի»,- ընդգծել է Սերդար Քորուջուն:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ