Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց բացառել ՔԿՀ-ներում առկա «ավանդույթները»


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, թե հրատապ հիմնանորոգման կարիք ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցում պետք է հստակ լինել, աշխատանքի որակի հետ կապված լինել ուշադիր, որ ստիպված չլինեն ավելի հաճախ նույն խնդրի վրա գումար ծախսել:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ 10 տարուց ավելի է՝ այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել:

«Քրեակատարողական հիմնարկներում կան «ավանդույթներ», պարոն Զեյնալյան, ես չգիտեմ՝ Դուք գիտեք դրա մասին, թե ոչ, բայց քանի որ թեման հասավ դրան, խոսենք նաև այդ մասին. երբ պետբյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ-ում որևէ աշխատանք կատարելու համար, այն կատարվում է, բայց շատ հաճախ իրականում կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին, և մնացածը թե ինչ է լինում, արդեն կարելի է կռահել: Համենայն դեպս իմ՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ես մի քանի այդպիսի երևույթներ նկատել եմ, այնպես որ պետք է այս հարցում շատ հստակ լինի ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնդիրները լուծել: Նաև աշխատանքի որակի հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինենք գումարներ ծախսել, քան անհրաժեշտ է կանոնակարգերով անել:  Այնպես որ իհարկե, այս հարցերը պետք է ուշադրության կենտրոնում պահվեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ