Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Հայաստանի դպրոցներում կներդրվի ԱՏՀ ուսուցում


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունում տրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «KARDÉS» կազմակերպության, ՀԲԸՄ Հայաստանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև համագործակցության մեկնարկը՝ ՀՀ դպրոցներում Աշխարհատեղեկատվական համակարգը (ԱՏՀ)՝ որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու շուրջ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, այդ նպատակով այսօր՝ ԱՏՀ-ի միջազգային օրը, ուսուցիչների համար կազմակերպվել է առաջին սեմինար-դասընթացը, որին մասնակցել է Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և Երևանի շուրջ 100 մասնակից՝ ծանոթանալու ԱՏՀ համակարգին, այն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը և տեղանքի վերլուծությանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ նշելով, որ դպրոցներում ԱՏՀ-ն՝ որպես թվային գործիք կիրառելու վերաբերյալ ծրագիրը ներկայացվել է Կրթության և գիտության նախարարություն, և Կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել դրական եզրակացություն: «ԱՏՀ-ն՝ հանրակրթության մեջ որպես գործիք, կիրառվում է շատ երկրներում, մասնավորապես, STEM/ԳՏՃՄ-ի շրջանակում և ոչ միայն: Հույս ունենք, որ ծրագրին մասնակից ուսուցիչները կծանոթանան այս գործիքին և կփորձեն կիրառել այն ուսումնական գործընթացում՝ այդպիսով կրթության որակի բարձրացման մեջ ունենալով իրենց ներդրումը: Ուսուցիչները շարունակաբար կվերապատրաստվեն Վիրտուալ համալսարանի տրամադրած հարթակում, որի գնահատման արդյունքում կփորձենք հասկանալ՝ ինչպես այն տարածել ՀՀ բոլոր դպրոցներում, որը մտնում է մեր հեռահար նպատակների մեջ: Գործիքն անվճար կտրամադրի «KARDÉS» կազմակերպությունը՝ հայերեն թարգմանված»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակից յուրաքանչյուր մարզից ընտրվել է 5 դպրոց  և 10 ուսուցիչ /յուրաքանչյուր դպրոց ներկայացրել է 6-7-րդ դասարանում դասավանդող աշխարհագրության և մաթեմատիկայի երկու ուսուցիչ/:
«KARDÉS»-ի հիմնադիր և տնօրեն Բագրատ Բալաբանյանն իր հերթին նշել է, որ ԱՏՀ-ն հարցումների և որոշակի չափանիշների վրա հիմնված, խնդիրների լուծմանն ուղղված առաջադրանքների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է դաշտային աշխատանք և պահանջված ոլորտներում տրամադրում է մասնագիտական հմտություններ: «ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում «STEM/ԳՏՃՄ» կրթության զարգացմանը: Այս համակարգն աշակերտներին կսովորեցնի՝ ինչպես օգտագործել, ստեղծել և տարածել քարտեզներ, հավաքել և ներմուծել տվյալներ, կատարել բազմապիսի վերլուծություններ և աշխատել մեծածավալ տվյալների հետ: Արդյունքում՝ աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական և տարածական մտածողությունը»,-նշել է Բագրատ Բալաբանյանը:
«ԱՏՀ-ն կրթական, նորարարական գործիք է, որ ՀՎՀ-ն կիրառել է վերջին տարիների ընթացքում: «KARDÉS»-ի հետ միասին մենք կներդնենք մեր փորձը և գիտելիքները՝ օնլայն կրթության առաջադեմ տեխնոլոգիաները հայկական դպրոցներում ներառելու համար»,-իր հերթին նշել է ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը, ով միջոցառմանը մասնակցում էր Skype-ով:
Միջոցառման ընթացքում «KARDÉS»-ի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման համաձայնագիր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ