Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դյուրաբեկ խաղաղություն. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Դյուրաբեկ խաղաղություն. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջպետական տարողունակության երեւույթը բնականաբար մտածելու տեղիք է տալիս քաղաքական առանցքային ուղերձներ փոխանակելու կարեւոր հանգամանքների մասին:

Այս շրջագծում նախաձեռնող կողմը` Ֆրանսիան, իր նախագահի միջոցով հայտարարեց ներկա աշխարհակարգի դյուրաբեկ խաղաղության վրա հենած լինելու իրականության մասին: Իսկ երբ սպառնալիքի տակ եղած խաղաղությունը հիշվում է առաջին աշխարհամարտի ավարտի նշման առիթով, անուղղակիորեն մատնանշվում են նոր լայնածավալ պատերազմների բռնկման վտանգները:

Ազգայնականության հղացքը իբրեւ բացասական զարգացող երեւույթ հայրենասիրական դրական հասկացողության հակադրելով Ֆրանսիայի նախագահը սլաքները դիվանագիտականորեն ուղղեց ԱՄՆ նախագահին, որ Վաշինգտոնի քաղաքականության իրականացման համար հրապարակայնորեն շարունակում է խոսել ազգայնական գաղափարախոսություն որդեգրած լինելու մասին:

Քաղաքական հիմնական ուղերձը այս բոլորից հետո Եւրոպայի վերականգնման առաջադրանքն է` ՆԱՏՕ-ում Եւրոպայի դերակատարության աստիճանաչափի բարձրացման եւ ընդհանրապես համաեւրոպական պաշտպանական անկախ համակարգ կայացնելու համոզումների բարձրաձայնումներով:

Այս առանքային գծի իրացումը հեռանկարային կլինի ոչ միայն աշխարհակարգային փոփոխությունների եւ դյուրաբեկ խաղաղությունը ամրացնելու առումով, այլ նաեւ հայկական գործոնի հարաբերակցաբար, եթե նկատենք, որ ռուսական կախյալության եւ դեպի տարածաշրջան ամերիկյան աշխույժ թափանցման քաղաքականության արանքում Երեւանը ջանում է խորացնել դեպի Եւրոպա ինտեգրման արտաքին քաղաքականությունը, այս պայմաններում առավելագույնս կարողանա իրականացնելու համար փոխլրացուցիչ քաղաքականությունն ու բազմակողմ դիվանագիտությունը:

Այս հանգամանքները նկատի ունենալով էր, որ Եւրոպայի կայացման համար պաշտոնական Երեւանը, վարչապետի պաշտոնակատարի այս առիթով ունեցած ելույթում հիշեցրեց խաղաղության դյուրաբեկ իրավիճակի պատասխանատուներից առաջին աշխարհամարտի ընթացքում Ցեղասպանություն իրականացրած պետության մասին, որի գործադրածը, եթե համարժեք դատապարատանքի արժանանար չպիտի կրկնվեին իրարահաջորդ մյուս ցեղասպանությունները:

Պահը լիարժեք կօգտագործվեր նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի ընտրովի հարգման իրականությունը հիշելու` պարզ դարձնելով, որ այն ինչը որ չի տրվում այսօր Արցախի ժողովրդին, շնորհվում է այլ ժողովուրդների։

Մինչ, ֆրանսահայ կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը Ֆրանսիայի նախագահին նամակ էր հղել, որտեղ բողոք էր հայտնել, որ խաղաղությունը գերադասող նման միջպետական հավաքի ոգուն հակադիր է Անկարայի ներկայությունը, որը շարունակում է ժխտել առաջին աշխարհամարտի ընթացքում իր կազմակերպած տարբեր ազգաբնակչությունների տեղահանություններն ու բնաջնջումները:

Թուրքիայի դերակատարությունը միայն պատմական առումով չէ անշուշտ, որ չի համընկնում հավաքի ոգուն, տրամադրություններին եւ առաջադրանքներին: Ազգայնականությունը մերժող Եւրոպայի այն ղեկավարները, որոնք շեշտում են մոլորակի այսօրվա դյուրաբեկ խաղաղությանն սպառնացող վտանգները բոլոր առումներով, գիտակցում են իհարկե, որ խաղաղության դյուրաբեկման գլխավոր պատասխանատուներից է Անկարան, որ Եւրոպային սպառնում է փախստականների ալիքներով, նրանց առընթեր դեպի Եւրոպա ահաբեկչություն արտահանելու իր կարողականությամբ եւ էրդողականական ազգայնականության տարբեր դրսեւորումները Թուրքիայից դեպի եւրոպական զանազան քաղաքներ տեղափոխումով:

Երկրորդ աշխարհամարտի դասերը թվում է, որ ցեղասպանության առումով ավելի ընկալված են: Գործադրողը դատապարտված է եւ ցեղասպանվածը՝ հատուցված: Առաջին աշխարհամարտի ցեղասպանություններն ու ցեղային զտումները համարժեք դատապարտանքի եւ հատուցման չեն արժանացել: Ինչը սատարում է, որ խաղաղությունը մնա դյուրաբեկ։

Շահան Գանտահարյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]