ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետները նոր դեկան ունեն
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետները նոր դեկաններ ունեն: «Արմենպրես»-ին ԵՊԲՀ-ից տեղեկացրին, որ գիտական խորհրդի նիստում հայտարարված մրցույթի արդյունքներով՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետից ընտրվել է ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ, նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Բարոյանը, իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետից՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Լազար Եսայանը:
Գիտական խորհրդի նիստին անդրադարձ է կատարվել նաև կրթության որակի բարելավմանը։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրել է կրթության որակի բարելավման ոլորտում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները։
Պրոռեկտորը շեշտել է, որ ուսանողների համար անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը, նրանց կրթական գործընթացի և սոցիալական կարգավիճակի բարելավմանն աջակցությունը, ինչպես նաև բժշկական բարձրագույն կրթության որակի գլխավոր երաշխավորի՝ մասնագիտական բարձր որակավորմամբ և բարոյական արժեքներով օժտված դասախոսական կազմի առկայությունը առաջնահերթություն է պետական բժշկական բուհի համար: Այս դրույթներն ամրագրված են նաև բուհի 2015-2020 թվականների Ռազմավարական ծրագրում:
Արդեն իսկ աշխատանքներ են տարվում կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդների, դասախոսական կազմի ընտրության, որակավորման բարձրացման և խրախուսման քաղաքականության, ամբիոնների տարածքները և նյութատեխնիկական բազան, ուսանողների հետ տարվող աշխատանքները, կրթության որակի գնահատման և ապահովման մեխանիզմները բարելավելու ուղղությամբ:
Զեկուցողն իր ելույթում նաև թվային ցուցանիշներով անդրադարձ է կատարել դասախոսությունների որակին, դասախոսների պատրաստվածությանը, ուսումնական գրականությանը և ուսումնական գործընթացին վերաբերող տասնյակ այլ հարցերի, որոնց լուծումը հնարավորություն կտա առաջիկայում էականորեն բարելավել բժշկական կրթության որակը։
Գիտական խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողին: Մասնավորապես, կարծիքներ են փոխանակվել դասախոսությունների ազատականացման, ինչպես նաև թեմատիկ միջառարկայական դասախոսությունների անցկացման վերաբերյալ: Լարիսա Ավետիսյանն ընդգծել է, որ հոկտեմբերից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՊԲՀ-ում անցկացվում են թեմատիկ միջառարկայական դասախոսություններ: Հոկտեմբերի 20-ին, ոչ աշխատանքային օրվա ընթացքում անցկացված առաջին թեմատիկ դասախոսությանը սովորողների լայն ընդգրկվածությունը վկայել է այն մասին, որ ապագա բժիշկներին իսկապես հետաքրքրում է առարկայի մատուցման ինտերակտիվ մոտեցումը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս անդրադարձել է դասախոսությունների ընթերցման մեթոդաբանությանը վերաբերող խնդիրներին: Նա նկատել է, որ տեսական առարկաներ ուսումնասիրելուց զատ, ուսանողները վաղ կուրսերից պետք է սերտ առնչություն ունենան նաև կլինիկական ոլորտի մասնագիտությունների հետ, քանի որ կլինիկական աշխարհին հաղորդակից լինելու դեպքում բժիշկ դառնալու ուղին առավել գրավիչ է:
Ամփոփելով զեկույցը՝ պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն ընդգծել է, որ մատնանշված մարտահրավերների հաղթահարումն առավել դյուրին կլինի այն դեպքում, երբ ուսումնական գործընթացի թիվ մեկ ապահովողը՝ ամբիոնը պատասխանատվություն կրի և դառնա կրթության որակի բարելավմանն ուղղված բոլոր աշխատանքների ակտիվ մասնակիցն ու ապահովողը։