Հասարակական

Կառավարությունը համաներումով իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին. Արտակ Զեյնալյան

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը համաներումով  իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին. Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պարզաբանում է, որ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքն արդարադատական ակտ չէ. դրանով կառավարությունը իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին:

«Արմենպրես» լրատվական գործակալության սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյան անդրադարձավ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կարգավորումներ են նախատեսված, երբ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ այն պարագայում, երբ համաներումը տարածվում է նաև քննչական մարմինների վարույթում գտնվող քրեական գործերի վրա: «Այս համաներումն արդարադատական ակտ չէ: Այս համաներումով մենք չենք վերանայում կամ գնահատական չենք տալիս: Իրավական գնահատական չենք տալիս դատական ակտերին, դրանց օրինականությունը չենք վիճարկում: Մենք ընդամենը որոշակի կատեգորիայի մարդկանց ազատում ենք պատժից կամ հետապնդումից: Եվ այս անձինք մինչև իրենց կյանքի վերջ, որոշ դեպքերում՝ նաև նրանց սերունդները, կարող են վիճարկել դատական ակտերի օրինականությունը և հասնել արդարացման: Որևէ կերպ մեկը մյուսի հետ չի առնչվում»,- մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ իրենք կողջունեն, եթե լինեն գրագետ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ կամ ընդհանրապես դիմումներ, որոնք հանգեցնեն դատական ակտերի վերանայման: «Դրա համար կան պրոֆեսիոնալ իրավապաշտպաններ, ովքեր ունեն այդ գիտելիքները և կկարողանան հասնել վերաբացման այս գործերով: Հայաստանում այդ գործերի վերաբացման մեխանիզմնեը և իրավական հիմքերը կան, և այդ անձինք, բացի հրապարակային խոսելուց, կարող են ուղղակի նստել համակարգչի առջև և շարադրել այդ թեզերը, շարադրել գանգատները և հասնել գործերի վերաբացման»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում