Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

ՀՀ բանկերն աջակցեցին Շիրակի մարզի դպրոցներին

ՀՀ բանկերն աջակցեցին Շիրակի մարզի դպրոցներին

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բանկերն իրենց սոցիալական ծրագրերի շրջանակներում նախաձեռնել են Շիրակի մարզի դպրոցներին աջակցության ծրագիր` ուղղված որակյալ կրթությանը և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրերը ներկայացվեցին հոկտեմբերի 31-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միության անդամ բանկերի ղեկավարների կողմից Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և մարզի մի շարք դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով բանկերի կողմից դեռ փետրվարից իրականացվող սոցիալական ծրագրին՝ Շիրակի մարզպետը գոհունակություն և շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանկերի միությանը նման նախաձեռնության համար. «Ես ուզում եմ իմ և Շիրակի մարզի կրթության բնագավառի ներկայացուցիչների անունից երախտագիտություն հայտնել ձեզ նման մարդասիրական ձեռնարկի համար:

Ապագա սերնդի զարգացմանը միտված ցանկացած ձեռնարկ ողջունելի է, նոր Հայաստանում կրթության որակի բարելավումը համարվում է առաջնային խնդիր, իսկ ձեր նախաձեռնությունը միտված է կրթության որակի բարելավմանը»: Ծրագրի մեջ ներառվեց 24 դպրոց, որտեղ ուսանում է շուրջ 5400 աշակերտ և դասավանդում է 570 մանկավարժ: Դպրոցներում ամբողջապես վերանորոգվել են համակարգչային դասասենյակներ, տրամադրվել 150 համակարգիչ` համակարգչային սեղաններով և աթոռներով, նվիրաբերվել են նաև էլեկտրոնային գրատախտակներ:«Երեխաների համար լուսավոր ուսումնական ուղի կերտելու կարևորագույն նախապայմաններից է տեսական գիտելիքների կողքին զետեղել նաև գործնականը:

Դպրոցներում համակարգչային դասասենյակների սակավության արդյունքում երեխաները հաճախ չեն հասցնում ինչպես հարկն է ծանոթանալ ժամանակակից ուսումնական համակարգչային տեխնոլոգիական լուծումներին: Ինչպես քաղաքում, այնպես էլ շրջաններում դպրոցականները պետք է հավասարապես հնարավորություն ունենան ստանալ բազմակողմանի գիտելիք»,- նշեց ՀՀ բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը: Հյուրերը շրջայց են կատարել Գյումրու մի շարք դպրոցներում, որտեղ Բանկերի միության կողմից տրամադրված միջոցներով թարմացվել են համակարգչային դասասենյակներ, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք:

Արմենուհի Մխոյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ