Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանը՝ որպես կարևոր օղակ ԱՄՆ-ի ծրագրած «հակաիրանական շղթայում»

Ադրբեջանը՝ որպես կարևոր օղակ ԱՄՆ-ի ծրագրած «հակաիրանական շղթայում»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի բովանդակության առանցքային բաղադրիչներից մեկն, անշուշտ, Իրանի դեմ իրականացվող քաղաքականությունն է և դրա հետ կապված՝ տարածաշրջանի երկրների դիրքորոշումները ճշգրտելը, հնարավոր է՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելը: Իսկ այն իրողությունը, որ նման ոչ հրապարակային քննարկումներ եղել են Բոլթոնի անցկացրած բոլոր մակարդակի հանդիպումներում, անհերքելի է՝ անգամ հաշվի առնելով տարածված պաշտոնական հաղորդագրություններում, հայտարարություններում կիրառված ձևակերպումների տրամաբանությունը:

Ինչ խոսք, վերոնշյալի համատեքստում Վրաստանի մոտեցումը հիմնականում կանխատեսելի է. Թբիլիսին հնարավորինս կաջակցի նշված և առհասարակ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված որևէ գործընթացի՝ հաշվի առնելով երկու երկրների փոխհարաբերությունների բնույթը:

Վսահաբար, բանակցությունների և սակարկությունների առանցքային մասը տեղի է ունեցել Բաքվում և Երևանում, որոնք շատ ավելի էական նշանակություն ունեն Իրանի դեմ իրականացվող քաղաքականության առնչությամբ՝ անշուշտ, հաշվի առնելով երկու դերակատարների աշխարհագրական դիրքը, Թեհրանի հետ ունեցած միջպետական հարաբերությունների մակարդակը և այլն: Իսկ նույն հարցի հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր համեմատականներ անցկացնելիս՝ անհերքելի է Ադրբեջանի առավելությունը, ընդ որում, ոչ միայն Իրանի, այլև՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողությունների նախաձեռնման պարագայում: Նշվածի ամենաառաջնային  հիմնավորումը, թերևս, Իրանի հետ հարաբերությունների կարևորությունն է, որը Հայաստանի պարագայում վիճարկման ենթակա չէ. իհարկե, պակաս նշանակալից գործոն չէ նաև ընդհանրապես արտաքին քաղաքականության ուղղությամբ Երևանի վարքի սկզբունքային և հրապարակային բնույթը:

Իսկ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության շրջանակում Ադրբեջանի դերը կարելի է տեղավորել առնվազն 3 հնարավոր հարթություններում, որոնք թվարկված են ծրագրված գործընթացների տրամաբանական հաջորդականությամբ:

  1. Տնտեսական ուղղությունը. Ադրբեջանը սեփական էներգակիրների վաճառքի ծավալի ավելացման հաշվին կարող է որոշակիորեն մեղմել Իրանի դեմ նոյեմբերի սկզբին կիրառվելիք պատժամիջոցների երկրորդ փուլի հետևանքով շուկայում կանխատեսվող բացերը, որոնք կարող են որոշակի խնդիրներ առաջացնել հատկապես ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների համար: Ի դեպ, այս ուղղությամբ Վաշինգթոնն ակտիվ աշխատում է էներգակիրների վաճառք իրականացնող մի շարք այլ երկրների, հատկապես՝ Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ: Իսկ Բաքվում անցկացված բոլոր հանդիպումներում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ընդգծվել է «էներգետիկ ոլորտում համագործակցության» կարևորությունը, որն, անշուշտ, կարելի է պայմանավորել նաև քննարկվող հարցի հետ:
  2. Լոգիստիկ ուղղությունը. նաև Ադրբեջանում Բոլթոնի անցկացրած բոլոր հանդիպումներում հատուկ շեշտադրվել է «ահաբեկչության դեմ պայքարում» փոխգործակցության նշանակությունը, որը, բացի աֆղանական ուղղությունից, միանշանակորեն տեղավորվում է նաև Իրանի դեմ հնարավոր գործողությունների համատեքստում: Ամերիկյան պաշտոնական հռետորաբանության մեջ ընդունված է հատկապես Մերձավոր Արևելքում ծավալվող ահաբեկչության դեմ պայքարի առանցքային թիրախներից մեկը համարել Իրանը՝ որպես գլոբալ ահաբեկչությանն աջակցող երկիր(Սիրիայում, Եմենում, Իրաքում): Այս ուղղությամբ ևս Ադրբեջանը, որպես Իրանին սահմանկից երկիր կարևոր օղակ է համարվում ԱՄՆ-ի ծրագրած հակաիրանական շղթայում, որի՝ տվյալ ուղղությամբ իրականացվում է լայն համագործակցություն հատկապես Իսրայել պետության հետ: Ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսերին բավական տևական պաշտոնական այցով Վրաստան և Ադրբեջան էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, իսկ Բոլթոնի այցի օրերին Իսրայել էր մեկնել ԱՀ ՊՆ առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադըգովը: Հատկանշական է, որ երկու այցերի վերաբերյալ իսրայելական ԶԼՄ-ների անդրադարձներում հատկապես կարևորվել են Ադրբեջանի՝ «կարևոր մուսուլմանական երկիր» և «Իրանի հյուսիսային հարևանը» լինելու հանգամանքները: Իսկ Ադրբեջանի հետ համագործակցությունն այս փուլում հատկապես կարևորվում է հետախուզական և հատուկ ծառայությունների գործունեության ոլորտներում՝ Իրանի ներսում իրավիճակի հնարավոր սրման պարագայում գործընթացներն ուղղորդելու նպատակով: Ի դեպ, նշված ուղղությամբ համագործակցության զգալի փորձ արդենիսկ առկա է Ադրբեջանի և Իսրայելի միջև:
  3. Ռազմական ուղղությունը: Այս մասով կարող է դիտարկվել Իրանի դեմ հնարավոր ռազմագործողության պարագայում, եթե ոչ Ադրբեջանին ամբողջովին ներգրավելու, ապա առնվազն նրա տարածքն ու ենթակառուցվածքներն օգտագործելու հնարավորությունները: Տվյալ ուղղությունը սերտորեն կապված է նախորդի հետ, և հատկապես իսրայելական հետախուզությունն ու հատուկ ծառայությունները էականորեն տիրապետում են Ադրբեջանի ռազմավարական ենթակառուցվածքների ոլորտին: Որպես նշվածի հաստատում կարելի է հիշեցնել ամենաթարմ միջադեպը, երբ ընթացիկ տարվա մայիսի սկզբներին պարզ դարձավ, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Իրանի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթերի հսկայածավալ արխիվը կարողացել են այդ երկրից դուրս բերել Ադրբեջանի տարածքով:

Անշուշտ, Իրանի դեմ գործողությունների վերոնշյալ և հնարավոր այլ ուղղություններում առավելագույն արդյունավետության հասնելու համար խիստ կարևոր է ԱՄՆ-ի հնարավոր գործընկերների՝ «հակաիրանական շղթայի» բոլոր օղակների միջև սերտ համագործակցության ապահովումը, իսկ առնվազն 3 առանցքային դերակատարների՝ Սաուդյան Արաբիայի(նրա գլխավորությամբ նաև Պարսից ծոցի որոշ արաբական երկրներ), Իսրայելի, նաև Ադրբեջանի դեպքում այդ գործակցությունը կարող է գործել բարձր արդյունավետությամբ:

 

          Արմեն Պետրոսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am