Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի հոբելյանը նշանավորվում է եռօրյա գիտաժողովի անցկացմամբ

Մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի հոբելյանը նշանավորվում է եռօրյա գիտաժողովի 
անցկացմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի 100-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Ջրբաշյանին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը բացման խոսքում ասաց, որ գիտաժողովների միջոցով վերհիշում են հայ երախտավորների անցած ճանապարհը, նրանց դերը  գիտության նվաճումների, ձեռքբերումների, մասնագետների պատրաստման գործում:

«Մխիթար Ջրբաշյանը հետաքրքիր մարդ էր, շատ ակտիվ: Նա ակադեմիային է նվիրել իր ամբողջ կյանքը: Դասախոսություններ էր կարդում տարբեր հաստատություններում, բայց միշտ հավատարիմ էր ակադեմիային»,- նշեց Մարտիրոսյանը:

Ակադեմիկոս Անրի Ներսիսյանի խոսքով` Ջրբաշյանը հայտնի էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև դրա սահմաններից դուրս: «Ես նրա աշակերտն էի: Ջրբաշյանից  շատ բան եմ սովորել, մասնավորապես` աշխատաոճը: Նա ուսուցիչ էր, իսկ ուսուցիչներին համեմատում են ծնողների հետ, դա խորը իմաստ ունի:  Դժբախտաբար, մենք նրանց ավելի ենք գնահատում, երբ  հեռանում են»,- նկատեց Ներսիսյանը:

«Ես երիտասարդ էի, իսկ Ջրբաշյանը ավելի փորձառու էր: Ես Մեխանիկայի ինստիտուտի տնօրենն էի, իսկ  նա` Մաթեմատիկայի ինստիտուտի:  Ցանկացած հարցով դիմում էինք միմյանց  և  համագործակցում: Նրա հետ աշխատելը և’ հեշտ էր, և’ դժվար, որովհետև Ջրբաշյանը շատ ուղղամիտ էր և  կարող  էր շուտ բռնկվել»,- պատմեց ակադեմիկոս  Լենսեր Աղալովյանը:

Նա փաստեց, որ Ջրբաշյանը, մեծ գիտնական լինելուց բացի, նաև ակտիվ քաղաքացի էր և այս կամ այն չափով արձագանքում էր  հայ ժողովրդին հուզող բոլոր հարցերին:  «Բարի էր, հայրենասեր,  նվիրված էր իր աշխատանքին»,- եզրափակեց Աղալովյանը:

Մխիթար Ջրբաշյանը 1936-1941 թվականներին ուսանել է ԵՊՀ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1942 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և ՀՀ գիտությունների  ազգային ակադեմիայում:

1945 թվականին նա պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը «Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր» թեմայով։ Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում։ 1949 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանում է դոկտորական աշխատանքը։

1953 թվականին Ջրբաշյանն ընտրվում է թղթակից անդամ, 1956 թվականին՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։ Եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: 1964-1973թթ. զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը։

Ջրբաշյանը եղել է «Մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից՝ 1966 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]