Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Արարատի մարզի վեց համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ


ԱՐՏԱՇԱՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Զանգակատուն, Լուսաշող, Նոր Կյանք, Դալար, Վերին Դվին եւ Հովտաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին անց են կացվում համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնցից չորսում՝ արտահերթ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը եւ թիվ 12 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեփան Խաչատրյանը նշեցին, որ ըստ նախատեսվածի, ժամը 8:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: «Այդ ժամին արդեն ողջ անձնակազմը տեղում էր, սարքավորումները միացված, եւ այցելեն էլ առաջին ընտրողները»,- նշեցին նրանք:

Զանգակատուն համայնքում իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Հովիկ Կարապետյանը, Արմեն Մանուկյանը, Արշավիր Պետրոսյանը: Այստեղ ընտրելու իրավունքն ունեցող քաղաքացիների թիվը 914 է: Նախկին համայնքապետն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

Լուսաշող համայնքում, որտեղ ընտրությանը կարող են մասնակցել 415 քաղաքացիներ, իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Արսեն Ալեքսանյանը, Գոռ Գրիգորյանը, Արա Սաֆարյանը: Համայնքի ղեկավարը կրկին լիազորությունները վայր էր դրել իր դիմումի համաձայն:

Արտահերթ ընտրություններ ընթացող Նոր Կյանք համայնքում իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Կարեն Աբրահամյանը, Արամ Գրիգորյանը եւ Սուրեն Վարդանյանը: Այս համայնքում ընտրելու իրավունք ունեն 1987 քաղաքացիներ: Նոր Կյանք համայնքի նախկին գյուղապետը Գարիկ Սարգսյանն էր, ով  իր լիազորությունները վայր էր դրել Արարատի մարզպետ նշանակվելու կապակցությամբ:

Արտահերթ ընտրություններ են անցկացվում նաեւ Հովտաշեն համայնքում: Այստեղ իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Խաչիկ Խաչատրյանը եւ Սուրեն Մկրտչյանը: Համայնքում ընտրելու իրավունք ունի 936 քաղաքացի: Հովտաշենում նախկին գյուղապետը ներկայիս Արարատի փոխմարզպետ Արթուր Մկրտչյանն է: Ով իր լիազորությունները դադարեցրել էր այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Մարզում հերթական ընտրություններն են ընթանալու Դալար եւ Վերին Դվին համայնքներում: Վերջինում տեղի կունենան նաեւ ավագանու ընտրություններ: Այստեղ առաջադրված է միակ թեկնածու անկուսակցական Լյուդմիլա Պետրովան: Ընտրելու իրավունքն ունի 1697 քաղաքացի:

Դալարում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցականներ Գագիկ Ալեքսանյանը եւ Գոռ Պետրոսյանը: Ընտրելու իրավունք ունի 2254 քաղաքացի: -0-/52/

 

Լիլիթ Մաճկալյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ