Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Ցանկանում եմ, որ Երևանը լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք. քաղաքապետ Մարությանը շնորհավորել է «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ  Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ Ձեզ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Սա ոչ միայն Երևանի բնակիչների, այլև բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր սիրում են Երևանը և այն համարում իրենց հարազատ վայրը: Չէ որ  Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք: Այս օրերին շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բազմաթիվ անկյուններից, շնորհավորում են ձեզ, սիրելի երևանցիներ: Ուզում եմ հատկանշել, որ այսօր վաղ առավոտյան սկսվում են մեր տոնական միջոցառումները, Երևանի տարբեր հատվածներում լինելու են տարաբնույթ հանդիսություններ, նորաձևության  ցուցադրություն, թեմատիկ բեմեր, հեծանվավազք, ի դեպ, որի մեկնարկին մասնակցելու եմ նաև  ես: Ամբողջ օրը շրջելու եմ մայրաքաղաքում, հանդիպելու եմ ձեզ, շնորհավորելու ենք միմյանց  ու  միասին տոնելու ենք մեր քաղաքի  հոբելյանը: Համոզված եմ, որ անչափ հիշարժան ու հագեցած օր ենք անցկացնելու: Երեկոյան՝ 19: 30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի գլխավոր միջոցառումը՝  տոնական  գալա համերգը, որը, հուսով եմ, դրական լիցքեր ու հաճելի ակնթարթներ կպարգևի ձեզ: Տոնական երեկոն հագեցած կլինի օրվա խորհրդով ընտրված երևանյան  երաժշտությամբ, նաև պատմական անդրադարձով, Երևանի  կենսագրությանը և մեր օրերի մայրաքաղաքը ներկայացնող բեմականացումներով, իսկ ավարտին՝ հրավառություն:

Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ, սիրելի երևանցիներ, սիրում եմ ձեզ, բոլորիս բարձր տրամադրություն»,- նշված է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ