Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Փաշինյանը ՀՀ ներքին անվտանգության ապացույց է համարում այն, որ Ֆրանկոֆոնիայի գալա համերգին 40 երկրի ղեկավարի ու 40 հազար քաղաքացիների միջև եղել է 5 ոստիկան


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի օրը Հանրապետության հրապարակում 40 երկրի ղեկավարի ու 40 հազար քաղաքացիների միջև եղել է պետական պահպանության ծառայության 5 աշխատակից, ինչը վկայում է Հայաստանում կայունության ու ներքին անվտանգության առկայության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մեր կառավարությունը նոր էր սկսում աշխատել, բազմաթիվ հոռետեսներ կային, ովքեր ասում էին, որ չենք կարողանալու ապահովել երկրի կայունությունն ու ներքին անվտանգությունը: Երբ Ֆրանկոֆոնիայի երկրների մի շարք ղեկավարներ Հանրապետության հրապարակում էին, ամենաշատը տպավորվել էին նրանից, որ քաղաքացիների ու 40 երկրների ղեկավարների միջև կանգնած էին պետական պահպանության ծառայության 5 աշխատակից: Այսինքն՝ անվտանգության մակարդակն այնքան բարձր է, որ 40 երկրի ղեկավարի ու 40 հազար քաղաքացիների ներկայությամբ անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել պետք չէ, որովհետև սա երկիր է, որտեղ արվել է սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` նույն հոռետեսները նշում էին նաև, որ նոր իշխանությունը չի կարողանալու զբաղվել երկրի արտաքին քաղաքականությամբ:

«Ասում էին, որ վատ են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Երբ ցույց տվեցինք, որ մեր հարաբերությունները լավ են, ասացին` ծախվել է Ռուսաստանին: Հետո ասում են` այ, որ ծախվել է Ռուսաստանին, Արևմուտքի հետ մեր հարաբերությունները կկործանվեն: Հետո եկավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և դուք տեսաք, թե ինչ հարաբերություններ ունենք արևմուտքի ղեկավարների հետ: Մի արեք հոռետեսական կանխատեսումներ, որովհետև դրանք չեն իրականանալու»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նաև նշեց, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աննախադեպ հանգիստ իրավիճակ է վերջին 20 տարվա համար:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ