Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Հարություն վարդապետ Պզտիկյանը Մխիթարյան միաբանության հետ ֆրանսիացի հայագետների կապի մասին դասախոսություն կարդաց Երևանում

Հարություն վարդապետ Պզտիկյանը Մխիթարյան միաբանության հետ ֆրանսիացի 
հայագետների կապի մասին դասախոսություն կարդաց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ՝ սկսած 1700 թվականներից» թեմայով դասախոսության ընթացքում Մխիթարյան միաբանության անդամ Հարություն վարդապետ Պզտիկյանը նշեց, որ միաբանության հետ կապը հատկապես արժեքավոր է եղել հենց ֆրանսիացի հայագետների համար: Նրանք միաբանությունում պահվող ձեռագրերում գտել են այնպիսի  գրականություն, որը վաղուց կորսված է համարվել Եվրոպայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված դասախոսությունն անցկացվեց  հոկտեմբերի 17-ին ՀՀ  սփյուռքի նախարարությունում:

«Ֆրանսիացի հայագետները ամիսներ, երբեմն տարիներ էին անցկացնում Մխիթարյան միաբանությունում: Այդպես նրանք կարողանում էին ձեռագրեր հավաքել: Նրանք հենց այն հայագետներն էին, որոնք գիտեին հայերենի արժեքը և գնահատում էին ձեռագրերի բովանդակության հարստությունը, քանի որ դրանցում կար գրականություն, որը վաղուց կորել էր Եվրոպայում, այնինչ 5-րդ, 7-րդ, 9-րդ դարերում թարգմանվել էին հայերեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանը:

Ուսումնասիրելով միաբանությունում պահվող ձեռագրերը` հայագետները  տեսել են, որ անգամ իրենց պատմությունն է հնարավոր գտնել դրանցում:

Պզտիկյանը պատմեց, որ այդ հայագետները չափազանց մտահոգվել են այն ժամանակ, երբ Նապոլեոնն սկսել է վերացնել բոլոր վանքերը: Նրանք  խնդրել են չդիպչել Մխիթարյան միաբանությանը` շեշտելով, որ այնտեղ գիտնականներ են, մշակույթի մարդիկ: Հետաքրքրվելով միաբանության գործունեությամբ` Նապոլեոնը չի վերացրել այն ու պահել է որպես ակադեմիա: Այդպես հայագետները փրկել են Մխիթարյան միաբանությունը:

«Մենք նրանցից ոչինչ չունեինք սովորելու, բայց, դրա փոխարեն, մենք նրանց հնարավորություն ընձեռեցինք թարգմանել մեր ձեռագրերի բովանդակությունը: Հայագետները տեսան, որ միաբանությունում կան գրքեր, որոնք ոչ լատիներեն են պահպանվել, ոչ՝ հունարեն: Դրանք թարգմանելու համար շատերը սկսեցին հայերեն սովորել, զարգացնել այդ լեզուն, և այն շատ կարևորվեց: Վիկտոր Լանգլուան ասում էր, որ հայ  գրականությունն Արևելքի ամենահարուստ գրականություններից մեկն է: Այդ գիտակցությունը տարածվեց Գերմանիայում, Իտալիայում և հայագետները շատացան»,- շեշտեց վարդապետը:

Նա փաստեց, որ միաբանությունում առկա ձեռագրերում դեռ շատ նյութեր կան, որոնք ենթակա են ուսումնասիրության, և հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը մինչ օրս հատկապես մեծ է ֆրանսիացիների կողմից:

Դասախոսությանը մասնակցեցին Հր. Աճառյանի անվան  լեզվի ինստիտուտի աշխատակիցներ, Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների դասախոսներ և ուսանողներ, ներկայացուցիչներ ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի նախարարություններից:

Միջոցառումն իրականացավ ՀՀ Սփյուռքի նախարարության և «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ:

Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանը աստվածաբան է, փիլիսոփայության և արվեստի դոկտոր: Հարություն Պզտիկյանը եղել է Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ, նրա գրիչն են պատկանում գրականագիտական, հայագիտական, արվեստին ու մանկավարժությանը վերաբերող հայերեն և օտար լեզուներով բազմաթիվ աշխատություններ:

Նա նաև նկարիչ է: Պզտիկյանի գործերը հոգևորի և աշխարհիկի յուրօրինակ գեղարվեստական սինթեզի արդյունք են: 1962 թվականից նա  ներկայանում է անհատական ցուցահանդեսներով: Արժանացել է բազմաթիվ մրցանակների: Պարգևատրվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

 

 

 




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ