Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կանադան շարունակելու է աջակցել Հայաստանին տարբեր հարթություներում. Ջասթին Թրյուդոն հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

Կանադան շարունակելու է աջակցել Հայաստանին տարբեր հարթություներում. Ջասթին 
Թրյուդոն հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից,  Նորին Սրբությունը ողջունել է Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատել է, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բարեհաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձավ տարբեր երկրների միջև հարաբերությունների խորացման, նոր կապերի և գործակցության հաստատման: Նորին Սրբության խոսքով` այն հնարավորություն ընձեռեց ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի վարչապետին ներկայացրել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրավել է դարերի դժվարություններն ու փորձությունները, կրել նույն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով և տեսիլքներով: Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիների հետևանքով Հայոց Եկեղեցու կրած կորուստներին և ներկայում Եկեղեցու կողմից տարվող գործունեությանը տարբեր ոլորտներում` վստահություն հայտնելով, որ նոր իրողության պայմաններում Հայոց Եկեղեցին պիտի կարողանա առավել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի կերտման ու միասնականության ամրապնդման գործում:

Գարեգին Բ Կաթողիկոսը նաև գնահատանքով արձանագրել է այն ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվում է հանդեպ հայ համայնքը և նրա ազգային-հոգևոր կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը նկատել է, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման և զարգացման համար:
Իր հերթին Կանադայի վարչապետն իր ուրախությունն է արտահայտել հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ երեք տասնամյակ անց մեծ հաճույք է վերստին այցելել Հայաստան և մեծ պատիվ` հյուրընկալվել հայոց հոգևոր կենտրոնում, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:

Պրն. Ջասթին Տրյուդոն, խոսելով Կանադայում ապաստան գտած հայ համայնքի մասին, մասնավորապես նշել է, որ Կանադան պետք է շնորհակալություն հայտնի երկրում հաստատված կանադահայերին, որոնք հսկայական ներդրում են ունեցել Կանադայի կյանքի տարբեր ասպարեզներում: Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին` վարչապետը շեշտել է, որ Կանադան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել և շարունակելու է գործակցությունը տարբեր հարթություններում:
Կանադայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության տպավորությունները:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և պրն. Ջասթին Տրյուդոն խոսել են խաղաղ, բարօր և ապահով աշխարհի կերտման գործում միջկրոնական երկխոսության կարևորության մասին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջկրոնական և միջեկեղեցական երկխոսություններում, ինչպես նաև տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերի մասին: 
Հանդիպմանն անդրադարձ կատարվել է քաղաքական գործիչների կարևոր պատասխանատվությանը մարդկային կյանքում ողբերգությունների կանխարգելման, անարդարության և տառապանքների հաղթահարման, աղքատության վերացման գործում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծել է, որ Կանադայի երիտասարդ և եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կբերի խաղաղ աշխարհի կառուցմանը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am