Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ 
Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը ԵԱՏՄ շրջանակում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերը՝ ընդգծելով, որ մեր երկրի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ եւս մեկ անգամ վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

«Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Այդ պետությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, մինչդեռ հակամարտության կարգավորումը պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների իրագործումը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am