Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի դատախազությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը ընտրախախտումների 129 ահազանգ է արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը:

«Այսօր ժամը 20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 55 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում-հաղորդում ներկայացնելու, ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 71 դեպք: Ընդհանուր արձանագրվել է 129 դեպք, որոնցից 14-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 9՝ ընտրակաշառք տալու, 3-ը՝ քարոզչություն իրականացնելուն հարկադրելու, 30-ը՝ ընտրողների ցուցակների կազմման կարգի խախտման, 21-ը՝ կրկնակի քվեարկության, 19՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու և 33 այլ դեպքեր»,- նշեց Իսրայելյանը:

Շուշանիկ Իսրայելյանի խոսքով՝ բոլոր դեպքերով իրականացվել են ստուգողական գործողություններ:

«Դեպքերից 98-ով, թեև առկա չեն եղել կոնկրետ տվյալներ հանցագործության վերաբերյալ, բայց սկզբունքը եղել է այն, որ նույնիսկ այդ դեպքերով պետք է կատարվեն ստուգողական գործողություններ, որոնք այժմ ոստիկանության կողմից ընթացքի մեջ են: Մնացած 31 դեպքով այս պահին նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:

Իսրայելյանը նշեց, որ կրկնակի քվեարկության և գաղտնիության խախտման վերաբերյալ դեպքերը հիմնականում չարամտություն չեն պարունակում: Կրկնակի քվեարկության դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել տեխնիկական անսարքություններով:

«Դեպքերն այնքան էլ լուրջ բնույթի չեն, ամեն դեպքում դրանցից բոլորով կատարվում են ստուգողական գործողություններ»,- ասաց նա:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ