Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

«Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն

«Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները 
կիրականացնի ԳԹԿ-ն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի Գնահատման թեստավորման կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը:

«Հավանաբար «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննությունը կանցկացնենք մենք: Կրթության և գիտության նախարարի հետ համաձայնեցված է, առաջիկայում պետք է շատ արագ անցնենք նախապատրաստական աշխատանքներին: Ասեմ, որ քննությանը մասնակցող երեխայի համար բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու: Նախկինում էլ մենք ենք թեստերը պատրաստել տվել դպրոցներին, որոնք էլ անցկացրել են քննությունները: Հիմա էլ է նույնը. թեստերը դարձյալ մենք ենք պատրաստելու, պարզապես քննությունը մենք ենք անցկացնելու՝ ձևավորելով քննական կենտրոններ»,-ասաց Արմեն Փաշայանը:

Նա նշեց, որ քննական կենտրոնները բացելու են այնպես, որ աշակերտներին անհարմարություն չպատճառվի:

«Եթե մարզկենտրոնում ենք քննական կենտրոն բացում, ապա չենք կարող թույլ տալ, որ գյուղի երեխան երկար ճանապարհ կտրի գա, հետևաբար շրջկենտրոններում էլ քննական կենտրոններ կբացենք: Այնպես պետք է անենք, որ երեխայի բնակավայրից մինչև քննական կենտրոն հեռավորությունը 15-20 կմ-ը չգերազանցի»,-ասաց ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

ԳԹԿ-ի կողմից «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննությունն անցկացնելու նպատակն աշակերտների գիտելիքների իրական պատկերը հստակ իմանալն է: Քննությունից հետո կիրականացվի համապատասխան վերլուծություն: Թե երբ կանցկացվի քննությունը՝ դեռ ժամկետները վերջնական հստակեցված չեն: Արմեն Փաշայանը նշեց՝ հավանաբար, գարնանային արձակուրդներին, որ ուսումնական պրոցեսին չխանգարի:

Հիշեցնենք, Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ գաղափարը ծնվել է 2017-2018 ուսումնական տարվա ավարտական քննություններին իր այցելություններից հետո, երբ ամբողջությամբ այդ ավարտական քննությունների ժամանակ տիրում էր տնայնավարական մթնոլորտ: «Տոկոսներին էլ եթե նայենք, օրինակ, ավարտական քննությունների ժամանակ «Հայոց լեզու» առարկայից  0.1-0.2  տոկոս է կտրվողների թիվը եղել: Մինչդեռ միասնական ընդունելության քննության ժամանակ այդ թիվն աճում է մոտավորապես 20 անգամ»,-ասել է նախարարը:

Ի դեպ, սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 19-ը Գնահատման և թեստավորման կենտրոնը Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի մի շարք հանրակրթական դպրոցներում 12-րդ դասարաններում անցկացնելու է արտաքին ընթացիկ գնահատում «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից: Երեխաներին տրամադրվելու են թեստեր՝ ստուգելու նրանց գիտելիքները: Թեստերի հիմնական հարցերը լինելու են 11-րդ դասարանի ծրագրից: Արտաքին ընթացիկ գնահատմանը կմասնակցի մոտ 7 հազար աշակերտ «Հայոց լեզու», 7 հազար էլ՝ «Հանրահաշիվ» առարկաներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am