Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել 
Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Շնորհավորելով դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում կամրապնդվի և կակտիվանա երկու երկրների միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երկուստեք ընդգծվեց, որ առկա է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և անհրաժեշտ է նախանշել դրա կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակը: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը և դրա հիմնասյուներից հանդիսացող բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ նախարար Մնացականյանը հավելեց, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարևոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների և, հատկապես, ՖՄԿ շրջանակներում հաստատված սերտ համագործակցությանը՝ նախանշելով դրա հետագա ընդլայմանն ուղղված քայլերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այդ ընթացքում նախատեսված հիմնական և հարակից միջոցառումներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ ՖՄԿ-ին Հայաստանի անդամակցությունը մեծապես նպաստեց կազմակերպության անդամ երկրների, հատկապես Աֆրիկյան մայրցամաքի հետ կապերի զարգացմանը: Նախարարն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը միջոց է՝ առաջ մղելու մեր ընդհանուր արժեքներն ու նպատակները՝ բազմազանությունը, համերաշխությունը, հումանիզմը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը Կոնգոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերթությունները: Այդ համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am