Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Սեպտեմբերի 23-ը պատմական օր է լինելու. «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսեց քայլերթով


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավի մեկնարկը տվեց Երևանի Տիգրան Մեծ փողոցից, որտեղից դաշինքի համամասնական ցուցակի անդամները՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ քայլերթով շարժվում են դեպի Էրեբունի վարչական շրջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրվա ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն Էրեբունի վարչական շրջանում բակային հանդիպումներ կունենան բնակիչների հետ:

Երեկոյան ժամը 18:30-ին Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում նախատեսված են դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները:

Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում ոտքով քայլելու են Երևանի ամբողջ տարածքով, ունենալու են բակային հանդիպումներ, իսկ երեկոյան ժամերին քարոզարշավը եզրափակելու են հանրահավաքներով: «Վստահ եմ, որ ոտքով քայլելու ընթացքում շատ հետաքրքիր բաներ են լինելու, առաջիկայում կտեսնեք»,- նշեց Մարությանը:

Հարցին, թե որն է իր ուղերձը երևանցիներին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Իմ առաջին և ամենակարևոր ուղերձն այն է, որ սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր: Այդ օրը տեղի են ունենալու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Մենք այդ օրվան սպասել ենք տասնյակ տարիներ: Այդ օրը եկել է: Եվ հայ ժողովուրդը ինքը պետք է որոշում կայացնի ու ընտրի իր իշխանություններին: Հայաստանի ժողովուրդն է որոշելու իր ապագան, երևանցիներն են որոշելու Երևանի ապագան: Սա ամենակարևոր մեսիջն է, որը մենք տալու ենք և որը մենք սեպտեմբերի 23-ին իրացնելու ենք»:

Հայկ Մարությանը վստահեցրեց, որ պատրաստ են պատասխանել Երևանի բնակիչների ամենասուր հարցադրումներին, լսել նրանց և հասկանալ առկա խնդիրները:

Մարությանն ընդգծեց, որ իրենց համամասնական ցուցակում ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են, այլ նաև երկար տարիներ Հայաստանի, Երևանի լավ ապագայի համար պայքար մղած մարդիկ: «Մենք գնում ենք Երևանի խնդիրները լուծելու»,- ասաց նա:

Հարցին՝ մյուս թեկնածուների հետ բանավեճեր լինելու են, Հայկ Մարությանն ասաց, որ ինքը պատրաստ է դեբատների, սակայն մի պայմանով, որ բոլոր 12 թեկնածուները մասնակցեն այդ դեբատներին, որովհետև չի ցանկանում որևէ մեկին նախապատվություն տալ: «Եթե բոլորս միասին հավաքվում ենք մեկ տաղավարում, խոսում ենք, զրուցում ենք՝ բոլորի համար հավասար ժամանակով, ես պատրաստ եմ, որովհետև դեբատները ես կարևորում եմ«,- ընդգծեց Մարությանը:

Նա նաև ընդգծեց, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրությունների արդյունքներով կանցնեն Երևանի ավագանի, իրենք բոլորի հետ պետք է համագործակցեն: «Բոլորի ծրագրերի լավ դրույթները միասին ենք իրականացնելու՝ կապ չունի, թե դա ով է մտածել»,- նշեց նա՝ հավելելով, որ չի բացառում նաև Երևանի կոալիցիոն կառավարումը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ