Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել

«Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին 
մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին առաջարկել է միասին մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, սակայն «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս առաջարկին ընթացք չի տվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Տեղի ունեցած «Թավշյա հեղափոխություն»-ից հետո այս անցումային շրջանն ամբողջացնելու համար նրանք, ովքեր իրենց զգում են այս հաջողության պատասխանատուն, պետք է ներկայանան միասնական ցուցակով: Մենք մեզ համարում ենք այս երկարատև պայքարի սկզբունքային և համեստ մասնակիցը և ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու տարբերակն առաջարկել ենք քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, որովհետև համարում ենք սխալ այն մոտեցումը, երբ հեղափոխությունը տարանջատվում է կուսակցության ցուցակներով։: Թեև պատասխան չենք ստացել, բայց հույս ունեմ` մինչև խորհրդարանական ընտրությունները, մտածելակերպի առումով փոփոխություններ կլինեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Կուսակցության հիմնադրի խոսքով` այսօր իրենք կներկայացնեն ավագանու ցուցակի առաջին երեք համարներին:

«Մեր ցուցակի առաջին համարի 3 թեկնածություն է քննարկվում` իմը, կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանինը և վարչության կազմում չգտնվող երրորդ անձի թեկնածությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը սատարում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և դրական է գնահատում գործադիր մարմնի աշխատանքային 100 օրվա գործունեությունը: Հովհաննիսյանը կողմ է նաև վարչապետի առաջարկած Սահմանադրական փոփոխություններին, եթե դրանց անհրաժեշտությունը լինի:

«Կողմ եմ հանրաքվեի ու նոր Սահմանադրության գաղափարին, բայց դրա օպտիմալ ժամկետը կլինի արտահերթ ընտրություններից հետո, մինչ այդ թեկուզ այս Սահմանադրությամբ պետք է շուտափույթ իրականացնել խորհրդարանական ընտրությունները։ Եթե դա անելը գործող օրենսգրքով անհնար է, թող հանրաքվե լինի, բայց ամբողջ գործընթացը հրապարակ բերելը չի կարող փոխարինել իրավական մեխանիզմներին։ Հրապարակում է երկիրը փոփոխվում, բայց այդտեղ տարբեր տեսակետների արտահայտումը անհնար է»,- նշեց կուսակցության հիմնադիրը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե վերադառնում է քաղաքականություն՝ նշելով, որ դա նրա իրավունքն է, և նրան պետք է տալ արտահայտվելու հնարավորություն:

«Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ, որտեղ ցանկանում է՝ լինի քաղաքականություն, թե բանտ։ Պետք է պահել անմեղության կանխավարկածը, թույլ տալ, որ նա խոսի, պատասխանի լրագրողների հարցերին, բայց նաև ընդունի, որ հասարակության մի ստվար զանգված կարող է համաձայն չլինել նրա տեսակետներին»,- նշեց Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադրի խոսքով` իրենք երկար տարիներ եղել են ընդդիմադիր, բայց այժմ ոչ ընդդիմություն են, ոչ իշխանություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am