Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերը հավաքվել են ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի դիմաց և իրենց դժգոհությունն են արտահայտում հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի գործողություններից: Նրանք պահանջում են Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս տարիներ շարունակ «հարկային տեռորի» է ենթարկել իրենց:  Բողոքի ակցիայի մասնակիցները նաև փոփոխություններ են պահանջում Հարկային օրենսգրքում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար զարգանալու հնարավորություն լինի:

Հավաքվածներից ոմանք  նշում են, որ ստիպված են եղել փակել իրենց խանութները մեծ տուգանքների պատճառով: Քիչ առաջ Արտաշատ ժամանեց ու ակցիայի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը ակցիայի մասնակիցներին խնդրեց ներկայացնել իրենց խնդիրները, ինչին ի պատասխան նրանք նշեցին, որ անկախ խանութի շրջանառությունից ամեն օր հարկային ստուգումներ են իրականացվում: «Խանութներ կան, որտեղ 300 հազար դրամի ապրանք չկա, բայց մտնում են ստուգումներ են անում և 500-600 հազար դրամով տուգանում են: Եթե մարդը հնարավորություն ունենա այդքան տուգանք վճարելու, այդ գումարը կդնի իր ընդհանուր շրջանառության վրա, մի երկու կոպեկ ավել կաշխատի»,- պատմեց ակցիայի մասնակիցներից  մեկը:

Դավիթ Անանյանը հետաքրքրվեց՝ հարկային մարմնի աշխատակիցները հանձնարարագրով ե՞ն գալիս, թե՞ առանց հանձնարարագիր և ի՞նչ գործողություններ են իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակիցն էլ ներկայացրեց, որ հանձնարարագրով գալիս են ՀԴՄ ստուգելու, եթե ՀԴՄ-ի դեպքում ոչինչ չի ստացվում, անցնում են աշխատուժը ստուգելու գործողությունների այն դեպքում, երբ աշխատուժ ստուգելու հանձնարարագիրը չունեն:

ՊԵԿ նախագահն ակցիայի մասնակիցներին առաջարկեց խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ, որպեսզի ներկայացնեն խնդիրները և փորձեն լուծումներ գտնել: Նա նաև համաձայնեց այն պնդման հետ, որ Հարկային օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի: «Բայց քանի դեռ օրենքը չի փոխվել, մենք բոլորս պարտավոր ենք այդ վատ օրենքը կիրառել, սակայն դա չի նշանակում, որ հարկային տեսուչը պիտի գա տեռոր անի: Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք տեսնենք՝ մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցե՞լ են, թե՞ չէ: Եկեք փաստերով գնանք, եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Մենք այսօր պարտավոր ենք փաստերով խոսել: Հիմա փաստերով կխոսեքն, կորոշենք: Որոշումն էլ տեղում չի լինելու, այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- ասաց Անանյանը:

Դավիթ  Անանյանն ընդգծեց, որ Հարկային օրենսգրքում խորքային փոփոխություններ են իրականացնելու, սակայն դա չի նշանակում, որ գործող  օրենսդրությունը պետք է շրջանցեն: «Հասկանալի է, որ եթե մարդիկ իրենց լիազորությունները գերազանցել են, իրենք կպատժվեն, բայց մեզ փաստեր են պետք, որպեսզի քայլեր ձեռնարկենք: Հիմա մենք եկել ենք, դուք մենակ էմոցիաներով եք խոսում»,- ընդգծեց  ՊԵԿ նախագահը՝ խոստանալով բոլոր փաստերի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնել:

Այնուհետև բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցները ՊԵԿ նախագահի հետ բարձրացան ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի մասնաշենք, որտեղ ավելի մանրամասն կքննարկեն խնդիրները և կփորձեն լուծումներ գտնել: Քննարկումն անցկացվելու է առանց լրատվամիջոցների:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ