Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը ցանկանում է ԱԺ-ում կանանց թիվը հասցնել 40%-ի

«Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը ցանկանում է ԱԺ-ում կանանց թիվը հասցնել 
40%-ի

ԵՐԵՎԱՆ, 8 OԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում հուլիսի 27-ին ավարտվեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները: Խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերն ամփոփեցին իրենց առաջարկները և ուղարկեցին Կառավարություն: Ընտրական օրենսգրքի, խորհրդարանում կին պատգամավորների թվի ավելացման և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ:

Ձեր ներկայացրած առաջարկությունների փաթեթն արդեն գտնվում է Կառավարությունում: Ինչ եք կարծում, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն գործադիրի կողմից:

Հիմնականում բոլոր առաջարկները լավն են, և Կառավարությունը պետք է պարզապես կարծիք հայտնի՝ արդյոք դրանք իրատեսակա՞ն են տվյալ ժամանակահատվածում իրականացնելու համար: Երկու հարց կա, որ հակասական են՝ բաց և փակ համամասնական ընտրակարգերի վերաբերյալ. դրանցից միայն մեկը պետք է ընդունվի:

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն առաջարկեցին նոր ընտրական օրենսգրքում ամրագրել փակ համամասնական ընտրակարգը: Ո՞րն է դրա առավելությունը բաց համամասնականի նկատմամբ:

Բաց համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունն այբբենական կարգով է ցուցակ է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ հետագայում, երբ ընտրողը քվեաթերթիկի հակառակ կողմում նախապատվություն է տալիս որևէ թեկնածուի, արդեն շատ ձայներ ստացած թեկնածուները մանդատ ստանալու հնարավորություն են ունենում՝, անկախ ցուցակում զբաղեցրած տեղից: Փակ համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունը ներկայացնում է ցուցակն իր նախընտրած հերթականությամբ, և  ինչքան շատ տոկոս է ստանում ընտրության արդյունքում, այնքան շատ մարդիկ են այդ ցուցակից ըստ հերթականության անցնում ԱԺ:

Առաջարկում էիք տղամարդ և կին պատգամավորների համամասնությունը խորհրդարանում հասցնել 60-40%-ի: Քաղաքական կուսակցությունները պատրա՞ստ են այսօր խորհրդարանում այդքան մեծ թվով կին պատգամավորներ ունենալուն:

Հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը, շատ կանայք ցանկություն են հայտնում ընդգրկվել կուսակցության ցուցակում, մասնակցել ընտրություններին և աշխատել ԱԺ-ում: Նախկինում նրանք խուսափում էին դրանից, որովհետև կուսակցություններում չկա ներքին ժողովրդավարություն, և կանանց մոտ մտավախություն կար՝ կուսակցություն գալու մեխանիզմների, ցուցակում անցողիկ տեղերում հայտնվելու և մանդատ ստանալու հետ կապված: Իսկ, եթե 60-40% լիներ համամասնությունը, կանայք կիմանային, որ այդպիսի պահանջ կա կուսակցությունների առջև դրված, որ իրենց ակտիվությունը կգնահատվի, և նրանք կլինեն ցուցակի այնպիսի տեղերում, որ իրենք հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին և անցնել Ազգային ժողով: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, առհասարակ խնդիր չունեն ընտրություններին մասնակցելու: Նրանք ոչ քարոզարշավին մասնակցելու բարդություններ ունեն, ոչ քարոզարշավը կազմակերպելու համար ֆինանսական խնդիրներ ունեն: Որևէ բարդություն տղամարդիկ չունեն ոչ կուսակցություններում, ոչ էլ ընտրողների հետ կապված:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածության առաջադրումը հակասական մեկնաբանությունների արժանացավ: Քաղաքացիների մի մասի հիմնական դժգոհությունն այն է, որ Մարությանը քաղաքական կենսագրություն չունի: Ինչո՞վ էր նա գերազանցում իր կուսակից-մրցակիցներին:

Հայկը մեծ քաղաքական կենսագրություն ունի: Նա վերջին տարիներին շատ ակտիվ հանրային գործունեություն է ծավալել, մասնակցել է Մաշտոցի պուրակի, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին, հեղափոխության օրերին էլ միշտ շատ աջակցող դիրք է բռնել: Ով էլ լինի, հակասական ինչ-որ բան են գտնելու: Ծրագիրը կներկայացնեն, նա կսկսի իր քարոզարշավը, քաղաքի զարգացման հետ կապված իր գաղափարները կարտահայտի, և ամեն ինչ նորմալ կլինի:

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]