Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը


ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Պետք է հասկանալ՝ որո՞նք են հնարավոր լուծումները, ի՞նչպես ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով և գործիքներով»,- նշել է վարչապետը:

Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում սեյսմակայունության հետ կապված խնդիրներ ունեցող դպրոցների մասին: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համաձայն՝ ընտրվել են սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելի 46 դպրոցներ, որոնց վերանորոգման ու վերակառուցման համար նախատեսված է 107 մլն դոլար:

Այդ միջոցների մի մասը ներգրավվել է Ասիական զարգացման բանկից, իսկ մյուս մասը հատկացնելու է ՀՀ կառավարությունը: Արդեն իսկ սկսվել են 8 դպրոցների շինաշխատանքները, որոնք ավարտվելու են 2019 թվականին: Պատասխանատուները վստահեցրել են, որ արդյունքում ունենալու ենք սեյամակայուն դպրոցներ՝ նախատեսված 9 և ավելի բալ ուժգնությամբ աղետների համար. ուսումնական հաստատություններն ունենալու են նաև ապաստարաններ:

Տեղեկացվել է, որ նշված 46 դպրոցների շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2023 թվականը:   Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը և նշել, որ դպրոցների սեյսմակայունության ապահովման խնդրի լիարժեք լուծման նպատակով անհրաժեշտ է համագործակցության ընդլայնման բանակցություններ վարել միջազգային գործընկերների հետ: «Պետք է ծրագրերն իրականացվեն հստակ վերահսկողության ներքո, պետք է մեզ հայտնի շինարարական «ավանդույթների» չկիրառումը հստակ պահպանվի, որովհետև դա շատ կարևոր է արդյունավետությունը բարձրացնելու համար: Անհրաժեշտ է ապահովել, որ մրցույթները լինեն 100 տոկոսով թափանցիկ»,- ընդգծել է վարչապետը:  

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ